Նախախորհրդարան. «Մեր մամուլի խոսնակի վրա հարձակվել են Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ»
Նախախորհրդարանի քարտուղարությունը տարածել է հայտարարություն Նախախորհրդարանի մամուլի խոսնակի վրա կատարված հարձակման վերաբերյալ:
Ըստ տարածած հայտարարության, երեկ` սեպտեմբերի 2-ին, ժամը 17:45-ի սահմաններում Հայազն կուսակցության յոթ-ութ անդամներ, այդ թվում` կուսակցության վարչության անդամներ Արմեն Աղայանը և Արմեն Մկրտչյանը, հարձակվել են Երևանի Հյուսիսային պողոտայում միայնակ քայլող Վարուժան Ավետիսյանի վրա ու հարվածներ հասցրել նրան:
«Նախախորհրդարանը դատապարտում է վարչախմբի, նրա ուղղորդմամբ գործող կեղծ քաղաքական ուժերի ու քրեական տարրերի համակարգված ճնշումը և բռնությունն իր անդամների ու աջակիցների նկատմամբ:
Նախախորհրդարանը հայտարարում է, որ չի ընկրկելու կեղծ բազմազանությամբ դրսևորվող, սակայն իրականում միասնական կառավարմամբ գործող հանցավոր համակարգի հարձակումներից և հետևողական կերպով հասնելու է ազգային ու մարդկային արժեքների վրա հիմնված նոր որակի հայկական պետություն ստեղծելու իր ծրագրի իրագործմանը»,-մասնավորապես ասված է հայտարարության մեջ: