Դատական կարգադրիչների ծառայության պետը կալանավորվեց
Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը դատարանը բավարարել է, և նա երկու ամսով կալանավորվեց:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ դատական կարգադրիչների ոլորտում աղմկահարույց բացահայտում,ների շրջանակներում Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը ձերբակալվել էր:
Հիշեցնենք, որ վերջերս աղմկահարույց բացահայտում էր կատարվել դատական կարգադրիչների համակարգում. քննությամբ բացահայտվել են մի քանի տասնյակ անձինք, ովքեր գրանցված են եղել, սակայն չեն ներկայացել աշխատանքի, իսկ նրանց աշխատավարձերը ստացել ու յուրացրել են գործող կարգադրիչները:
Գործի շրջանակում հետախուզում էր հայտարարվել Դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գեղամ Գրիգորյանի նկատմամբ, իսկ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով՝ Պաշտոնեական կեղծիքը: Ավելի վաղ նրան առաջադրվել էր ավելի մեղմ մեղադրանք։ Ա.Ավագյանի նկատմամբ նախկինում խափանման միջոց էր ընտրվել գրավը, սակայն քննությունն իրականացնող Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչականը դիմել է դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդությամբ:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն և 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի դատական կարգադրիչների ստորաբաժանման ղեկավար Բագրատ Արիկյանի դեմ և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Իսկ Աջափնյակ ու Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը» և 314-րդ հոդվածներով` «պաշտոնեական կեղծիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին