Արա Զոհրաբյան. Մենք կարող ենք վեր գտնվել մեր անձնական ամբիցիաներից
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում առաջադրված թեկնածու Արա Զոհրաբյանը ներկայացրել է իր կողմից հրավիրված բանավեճի կանոնները:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ թեկնածու Արա Զոհրաբյանը ՓՊ նախագահի մյուս թեկնածուներին հրավիրել էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոց բանավեճի: Թեկնածուներից Կրոմվել Գրիգորյանը ընդունել էր բանավեճի հրավերը, իսկ մյուս թեկնածու Տիգրան Աթանեսյանը մերժել էր` հայտարարելով, որ հեռուստադեբատը պետք է անցկացնել հեռուստատեսության եթերում, այլ ոչ թե հյուրանոցում:
«Բոլոր դեպքերում, հաշվի առնելով, որ թեկնածու-գործընկերներիս կարող է մտահոգել բանավեճ-քննարկման ձևաչափը, ստորև ցանկանում եմ ներկայացնել այդ բանավեճ-քննարկման առաջարկվող կանոնները, որոնք կարծում եմ կապահովեն առողջ, հավասար և մրցակցային քննարկում:
1. Վարողը, կներկայացնի երեք թեկնածուներին և ազգանվան այբենական հերթականությամբ ձայն կտա թեկնածուներին` իրենց խոսքը փաստաբաններին և լրագրողներին ներկայացնելու համար: Յուրաքանչյուր թեկնածուի կտրվի մինչև 5 րոպե ժամանակ:
2. Այնուհետև, վարողը կգրանցի փաստաբաններին և լրագրողներին, ովքեր ցանկություն են ունենալու հարցեր տալ:
3. Գրանցելուց հետո, վարողը ըստ գրանցման հերթականության կհրապարակի հարց տվող փաստաբանի կամ լրագրողի անունը, ով իրավունք է ունենալու հարց տալ: Յուրաքանչյուր փաստաբան հնարավորություն է ունենալու տալ մեկ հարց: Յուրաքանչյուր լրագրող հնարավորություն է ունենալու տալ երկու հարց:
4. Հարցերը տրվելու են հետևյալ կերպ` երկու հարց- փաստաբաններից, մեկ հարց լրագրողներից:
5. Հարցերին թեկնածուները կարող են պատասխանել հետևյալ կերպ` ա/ եթե տրված հարցն ընդհանուր է, ապա այդ հարցին պատասխանում են բոլոր թեկնածուները հետևյալ հերթականությամբ` ազգանվան այբենական կարգով, այն պայմանով, որ հաջորդ ընդհանուր հարցին առաջինը պատասխանելու է մյուս թեկնածուն, բ/ եթե հարցը վերաբերում է կոնկրետ թեկնածուին, ապա այդ հարցին պատասխանում է կոնկրետ թեկնածուն:
6. Արգելվում է բանավեճ-քննարկման ժամանակ ռեպլիկներ անել, վիրավորել թեկնածուներին, փաստաբաններին կամ լրագրողներին:
7. Վարողը պետք է հետևի, որ ներկաները պահպանեն այս կարգը, իսկ վիրավորական հարցերը վարողի կողմից պետք է հանվեն:
Հարգելի գործընկերներ, կրկին կոչ եմ անում Ձեզ մասնակցել այս բանավեճ-քննարկմանը և Ձեզ հուզող հարցերը ներկայացնել թեկնածուներիս:
Եթե իմ գործընկեր-թեկնածուները ցանկանան, որ կանոններում լրացումներ կամ փոփոխություններ կատարենք, ապա սիրով պատրաստ եմ հանդիպել իրենց հետ բանավեճ-քննարկման անցկացման կարգը համատեղ որոշելու համար:
Եկեք ցույց տանք հանրությանը, որ փաստաբաններիս մոտ ընտրություններն անցկացվում են բարձր մակարդակով, քանի որ մենք բոլորս ունենք այն ներուժը և իրավագիտակցությունը, ապահովելու համար արդար ընտրություններ և մենք կարող ենք վեր գտնվել մեր անձնական ամբիցիաներից», -ասված է թեկնածուի այսօրվա հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան