Զինդատախազին կաշառք տալու մասին հրապարակումների հիման վրա նյութեր են նախապատրաստվում
Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում զինդատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով այսօրվանից նյութեր են նախապատրաստվում զինդատախազին կաշառք տալու մասին հրապարակումների հիման վրա: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը:
«Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նախապատրաստվում են նյութեր` հիմքերը ստուգելու համար: Օրենքով սահմանված կարգով առիթի և հիմքերի օրինականությունը ստուգելուց հետո, եթե կլինի հիմք քրեական գործ հարուցելու, համապատասխան ընթացք կստանա», -հավելեց Հարությունյանը:
Նշենք, որ թատերագետ Լևոն Մութաֆյանը հայտարարել էր, թե «Բուդաղյանները հայտարարել են, որ Լիսկա Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանին և Լիսկայի Զարզանդին ազատ արձակելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար զինդատախազ Գևորգ Կոստանյանը 4 մլն դոլար կաշառք է վերցրել»:
Արմեն Հարությունյանը հայտարարեց նաև, որ Էմիլ Բուդաղյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ զինդատախազին կաշառք տալու վերաբերյալ իրենք որևէ փաստ չունեն:
Նկատենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344 հոդվածը սահմանում է, որ դատախազին, քննիչին, հետաքննություն կատարող անձին կամ դատական ակտերի հարկադիր կատարողին զրպարտելը` կապված նախնական քննություն վարելու, դատարանի դատավճռի, վճռի կամ դատական այլ ակտի կատարման հետ` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով: