Դրանք Հարություն Սարգսյանի մատնահետքերի հետ չեն համընկնում. Դատարանում դիտել են ավտոլվացման կետի կադրեր (տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր Կարեն Եսայանի սպանության գործով դատաքննության ժամանակ ցուցադրվել է 2012 թ-ի ապրիլի 11-ի երեկոյան և 12-ի առավոտյան այն ավտոլվացման կետի տարածքի նկարահանումները, որտեղ իր սպանության օրը և դրան նախորդող օրը եղել է Կարեն Եսայանը: Հենց այդ ավտոլվացման կետում են նրան տեսել վերջին անգամ, իսկ այնտեղից դուրս գալուց հետո գտել են արդեն սեփական մեքենայի մեջ սպանված, փոխանցում է «ԳԱԼԱ»-ն:
Ըստ աղբյուրի, նախ ցուցադրվել է նշանադրության նախորդ օրվա կադրերը, երբ Կարեն Եսայանը իր ընկերներից մեկի հետ տարել է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ավտոլվացման կետ՝ այն լվանալու: Սակայն մեքենան որոշել է թողնել այնտեղ առավոտյան վերցնելու պայմանով, քանի որ դրսում անձրև է եղել:
Դատարանում տեսանյութի ցուցադրմանը զուգահեռ մեղադրողը ներկայացրել է վերծանված տարբերակը.
«Ավտոլվացման կետի տարածք է մտնում արծաթագույն Մերսեդես մակնիշի մեքենա, նրա հետևից ընթացող մեկ ուրիշ արծաթագույն Մերսեդես մակնիշի ավտոմեքենա, ավտոլվացման կետի տարածք մտնող մուտքից մոտ 10 մետր առաջ գնալով, կանգնում է Շիրակացի փողոցի վրա՝ ավտոլվացման կետի դիմացի մայթին՝ ավտոմեքենայի դիմային մասը ուղղելով փողոցի կողմը»:
Դատախազը ներկայացրել է, որ առաջին մեքենայի վարորդը տուժողն է եղել՝ Կարեն Եսայանը, ով իր ընկերոջ՝ Լեքսուս մեքենայի վարորդի հետ եկել էր մեքենաները լվանալ տալու, իսկ երկրորդ մեքենայի վարորդը, ըստ մեղադրող դատախազի, Հարություն Սարգսյանն է եղել, ով ավելի քան 50 րոպե մնացել է տարածքում և հեռացել է, երբ նաև Կարեն Եսայանն է հեռացել, թողնելով իր մեքենան, պաղպաղակ վաճառող հիշեցնող մի միկրոավտոբուսով:
Ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրել է քրեական գործում առկա հարցաքննության արդյունքները, որ Հարություն Սարգսյանը այնտեղ էր, քանի որ եկել էր իր անսարք մեքենան վերանորոգել տալու, իսկ վերանորոգման սրահը ավտոլվացման կետի տարածքում էր, բայց քանի որ նա տեսնում է, որ մեքենաներ կան, զբաղված են «ստենդներ», որոնց վրա կանգնեցնում են մեքենան վերանորոգելիս, դրա համար սպասում է և հեռանում է, քանի որ նրան է զանգահարում քույրը:
«Հետո տեսեք՝ երևում է, որ լվացել են ավտոմեքենան և լվանալուց հետո ամբողջ մեքենան սրբում են շորով, խնդրում եմ ուշադրություն դարձրեք այն պատճառով, որ մեքենայի վրա հետագայում մատնահետքեր են հայտնաբերվել, և պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում ավտոլվացման կետի աշխատակիցների մատնահետքերին, դրանք չեն կարող լինել այլ մատնահետքեր, քան հանցագործի մատնահետքերն են: Դրանք Հարություն Սարգսյանի մատնահետքերի հետ չեն համընկնում: Բացի դրանից, այստեղ տպավորություն են փորձում ստեղծել, որ Կարեն Եսայանը այն ընթացքում, որ գտնվում էր տարածքում, այնտեղ էր նաև Հ. Սարգսյանը: Քրեական գործի նյութերով մենք ունենք անձանց ցուցմունք, և այն անձը՝ Հարություն Սարգսյանը, պետք է գնար իր մեքենան վերանորոգելու: Կամ որ ասում են՝ հեռացող մեքենաների ուղղությամբ է շարժվել, հետագայում էլ չի շարժվում դրանց ուղղությամբ: Հնարավորություն կունենանք ապացուցելու, թե ուր էր այդ ընթացքում Հ. Սարգսյանը գտնվում, բայց որ չի հետապնդում, մի բան ակնհայտ է», ներկայացրել է Սահակյանը:
Տեսանյութի շարունակության մեջ կրկին նկատելի է, որ որոշ ժամանակ անց նույն Մերսեդեսը նորից հետ է գալիս ավտոլվացման կետի տարածք: Լուսինե Սահակյանը բացատրել է, որ դա լավագույն ապացույցն է այն բանի, որ Հարությունը եկել էր մեքենայի լուսարձակը վերանորոգելու: «Տրամաբանությունը ո՞րն է, եթե, ձեր ասելով, հետևում է, ուրեմն տեսե՞լ է, չէ՞, որ Կարենը հեռացել է, մեքենան թողել է, էլ ինչու՞ պիտի վերադառնար: Նա վերադառնում է լուսարձակը սարքելու», -հավելել է Սահակյանը:
Այնուհետև ցուցադրվեցին նաև սպանության օրվա վաղ առավոտյան ավտոլվացման կետի տարածքի նկարահանումները: Վաղ առավոտյան մգեցրած ապակիներով արծաթագույն Մերսեդեսը ժամը 07:59-ի սահմաններում հայտնվում է նորից նույն տարածքում: Կարեն Եսայանը առավոտյան 10-ից հետո է գալիս իր մեքենայի հետևից: Երկու մեքենաները հեռանում են գրեթե միաժամանակ՝ թեքվելով Շիրակացի փողոց:
Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պահանջել է Շիրակացի փողոցում գտնվող խանութներից մեկի տեսանկարահանումները, որտեղ երևում է, որ կարճ ժամանակ հետո ավտոմեքենաները բոլորովին այլ ուղղություններով են շարժվում:
«Եթե նշված ապացույցներով Հարություն Սարգսյանին դատապարտեն մարդասպանության համար, ուրեմն ոչ ոք ապահովագրված չէ մարդասպանության մեղադրանքով կալանավորվելուց»,- հայտարարել է Լուսինե Սահակյանը: Ըստ նրա՝ ցուցադրված տեսանյութերից ոչ մեկը սպանության գործի հետ որևէ կերպ չի առնչվում: Կարեն Եսայանը շարժվել է ավտոլվացման կետից, իսկ թե հետո ինչ է եղել նրա հետ և երբ, ոչ ոք չգիտի:
Տեսանյութը` «ԳԱԼԱ»-ի
Կարդացեք նաև
Արմեն Եսայանը դեմ է եղել, որ եղբայրը ամուսնանա Վարդան Ղուկասյանի դստեր հետ. Նոր մանրամասներ ցուցմունքից