Մանկատան նախկին սանի գործով փաստաբանը դատավարական «խայտառակ» սխալներ է գտել, որոնք կներկայացնի դատախազություն
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուշեղ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցած Վանաձորի մանկատան նախկին սան Ռոման Կուդաշինի և նրա ընկերների գործով դատավարությունն ընթացել է նյութական ու դատավարական իրավունքի ակնառու ու խայտառակ խախտումներով: Այդ եզրահանգման է եկել Կուդաշինի նոր փաստաբան Ռուբեն Հակոբյանը Հայաստանի դատական երեք ատյաններով անցած մի քանի հատորանոց գործի նյութերն ուսումնասիրելուց հետո:
«Խայտառակ նախաքննություն ու դատաքննություն է կատարվել: Գործով առանձին վերցրած այդ ապացույցները անթույլատրելի էին: Եթե անգամ բավարարեին էլ, ապա արարքին տրվել է ակնհայտ սխալ որակում: Շատ խայտառակ իրավիճակ է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պարոն Հակոբյանը: Ավելին, առաջին ատյանի դատավարական կոպիտ խախտումների վրա, ըստ փաստաբանի, աչք են փակել Վերաքննիչ ու Վճռաբեկ դատարանները:
Այժմ փաստաբանը պատրաստվում է գործով ձեռք բերված նոր հանգամանքները ներկայացնել Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանին: «Դատախազ Ղարախանյանին կներկայացնենք գործով նոր երևան եկած հանգամանքը: Դրանից հետո, ըստ օրենսդրության, դատախազը վարույթ է հարուցում, քննում է, տեսնում է, եթե կա նոր հանգամանք, դիմում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին: Վերջիններն էլ գտնելով, որ իսկապես, կա նոր հանգամանք, ներկայացնում են վճռաբեկ բողոք», -ընթացակարգը ներկայացրեց փաստաբան Հակոբյանը:
Մինչ մասնագետներն իրավական դաշտում փորձում են սրբագրել նախաքննական մարմնի՝ Վանաձորի ոստիկանության կոպիտ խախտումներով, դրանք հաստատած Լոռու մարզի դատախազության սխալները, Ռոմանի կինը՝ Թագուհի Քոչարյանը, որը նույնպես Վանաձորի մանկատան նախկին սան է, պատրաստվում է հերթական բողոքի ակցիային: Նախորդ անգամ Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նա սպառնացել էր ինքնասպան լինել, եթե արդարություն չհաստատվի: Դրանից հետո Թագուհուն ընդունել է Լոռու մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանը և հորդորել այդ քայլին չգնալ, մինչև խնդիրը լուծելը:
«Ես չեմ կարա սենց հանգիստ նստեմ, նեուժելի չե՞ն հասկանում, որ ես ընդամենը արդարություն եմ ուզում: Իրանց սարքած գործն ա, թող վերացնեն սխալները»,- մեզ հետ զրույցում ասաց Թագուհին: Նրա խոսքով, Հակոբ Ղարախանյանը ծանոթանալով գործի նյութերին եզրակացրել է, որ շատ կոպիտ խախտումներ են կատարվել այդ գործով և դա առնվազն պետք էր կարճել:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Ռոման Կուդաշինն ու ևս երկուսը` Տարոն Մելիքջանյանն ու Արթուր Կիրակոսյանը մեղադրվում են Վանաձորի մանկատուն ապօրինի մուտք գործելով գողություն կատարելու համար (ՀՀ Քր. Օր. 177-րդ հոդված 3-րդ մաս, կետ 1.1):
Դատավոր Մուշեղ Հարությունյանի վճռով, դատարանը ներքին համոզմամբ ապացուցված է համարում, որ ամբաստանյալ Արթուր Կիրակոսյանը 2011-ի հունիս ամսին, ժամը` 23-ի սահմաններում, նախնական համաձայնության գալով Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ, դարպասի վրայով ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի ՔՇՀ 4 հասցեում գտնվող «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի տարածք, որտեղ Տարոն Մելիքջանյանը սպասել է հիշյալ ՊՈԱԿ-ի երկրորդ հարկում գտնվող հյուրասենյակի պատշգամբում, Ռոման Կուդաշինը սպասել է պատշգամբ տանող աստիճանների մոտ, իսկ Արթուր Կիրակոսյանը պատուհանը հրելու և բացելու միջոցով, ապօրինի մուտք է գործել հյուրասենյակ, պատուհանից Տարոն Մելիքջանյանին փոխանցել հյուրասենյակում գտնվող «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց 6 բարձրախոսներով, որոնք վերջինս տեղափոխել է աստիճանների մոտ, ապա Արթուր Կիրակոսյանը Տարոն Մելիքջանյանի և Ռոման Կուդաշինի հետ միասին դուրս է բերել մանկատան տարածքից` գաղտնի հափշտակելով ընդհանուր զգալի չափ համարվող` 150.000 ՀՀ դրամ արժողության «Սոնի» մակնիշի երաժշտական կենտրոնը և ձայնարկիչը` իրենց բարձրախոսներով: Արթուրն ու Տարոնը դատապարտվել են հինգ տարի ազատազրկման, իսկ Ռոմանը` 4: այժմ Ռոմանը, չընդունելով իրեն մեղսագրվող արարքը, փախուստի մեջ է:
Նախորդող հրապարակումներ.
Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը
Ապրում էինք միմյանց ջերմությամբ. Մանկատան նախկին սանը Հայաստանի նախագահից օգնություն է խնդրում
Ես գրություն կթողնեմ ու ինձ կգտնեք կախված. Վանաձորի մանկատան նախկին սանը` կառավարության առաջ (տեսանյութ)
4 տարի ազատազրկման դատապարտված մանկատան նախկին սանի գործը փաստաբանը վերանայում է. Այժմ հույսը Վճռաբեկ դատարանն է (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում