Անընդունելի է մեր երկրում օտարների այսպիսի պահվածքը. Մարգարիտ Եսայանը` Փոստանջյանի հետ կատարվածի մասին
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը դատապարտել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանապահների միջև տեղի ունեցած միջադեպը:
«Էլեկտրոնային կայքերից տեղեկացա, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և նրան ուղեկցող իր համախոհների նկատմամբ միջադեպ է տեղի ունեցել Երևան-Մեղրի պետական նշանակության մայրուղու Լիճք գյուղի հատվածում, ռուս սահմանապահներ ներկայացած անձինք ստուգել են փաստաթղթերը, առանց հատուկ մեկնաբանությունների և առանց անվանապես ներկայանալու: Միջադեպի ժամանակ նաև կոտրել են պատգամավորին ուղեկցողների մոտ գտնվող և միջադեպը նկարահանող սարքը: Իհարկե, ցավալի և զայրացուցիչ միջադեպ է, հուսամ, կպարզվեն հանգամանքերը և մեղավորները կպատժվեն:
Որպես ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր դատապարտում եմ կատարվածը, անընդունելի եմ համարում ՀՀ քաղաքացիների նկատմամբ մեր իսկ երկրում օտարների այսպիսի պահվածքը:
Զրուցել եմ իմ գործընկերուհու՝ Զարուհու հետ և համոզմունք եմ հայտնել, որ այս ամոթալի միջադեպի մեղավորները կպատժվեն և սա չի դառնա վատ նախադեպ», -իր հայտարարության մեջ ասել է պատգամավորը:
Նշենք, որ նախօրեին երեկոյան Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Ռուսաստանի Դաշնության անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել տեղաշարժվել, իսկ երբ փորձել են տեսանկարահանել այդ ամենը, ՌԴ սահմանապահներից մեկը հարձակվել ու կոտրել է նրանց տեսախցիկը:
Կարդացեք նաև`
«Ժառանգություն». ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խոչընդոտել է «Ժառանգության» քարոզարշավը թիվ 38 ընտրատարածքում
Փաշինյանը պատկան մարմիններից պարզաբանումներ է պահանջել Փոստանջյանի հետ կատարվածի մասին