Համաներում է կիրառվելու նաև ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ. Աննախադեպ համաներում
Համաներման մասին որոշում կայացնողները մոռանում են մարդկանց կատարած հանցանքները կամ ներում: Այսօր Ազգային ժողովում հատուկ ընթացակարգով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` ներկայացնելով Համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։
«Կա, իհարկե, հանցագործություն, բայց դրա կողքին կա նաև ներում, և Սահմանադրությունն այդ իրավասությունը տվել է ՀՀ նախագահին և ՀՀ Ազգային ժողովին»,- հավելեց նախարարը` նկատելով, որ Հայաստանում բոլոր համաներումները հայտարարվել են Հայաստանի համար կարևորագույն տոների կապակցությամբ։
Նախարարի խոսքով, համաներման որոշման կայացման համար մեծ նշանակություն է ունեցել նախորդ համաներման արդյունքները. Մասնավորապես վերջին` 2011-ի համաներումից հետո կրկնահանցագործություն են իրականացրել 1056 ազատ արձակվածների 20 տոկոսը միայն։ «Այս ցուցանիշները խոսում են այն մասին, որ համաներումը ծառայել է իր նպատակին»,- ասաց Հրայր Թովմասյանը։
Նա հայտնեց, որ համաներումը 1/3-րդ-ով տարածվում է հետևյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ գողություն, խարդախություն, իրացնելը կամ վատնելը, հափշտակում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի միջոցով, ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը, դիտավորությամբ ոչնչացնելը և այլն։
Նախարարի խոսքով, համաներումը ¼-րդ-ով կրճատում է պատժաչափի չկրած մասը հետևյալ հանցակազմերի դեպքում՝ մարդուն առևանգելը, ազատությունից ապօրինի զրկելը, ավազակությունը, կողոպուտը, ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջամառությունը և այլն։ Բացի թվարկածից, ըստ պաշտոնյայի, համաներում է կիրառվելու նաև ծանր հանցագործություններ կատարածների նկատմամբ, ինչը երբևէ չի եղել՝ սպանություն, դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը և այլն։ Այստեղ, նրա խոսքով, առաջարկվում է պատժի չկրած մասը կրճատել վեց ամսով և այս խմբի մեջ մտնում են երկար ժամանակով ազատազրկված անձինք։ Արդարադատության նախարարն ասաց նաև, որ համաներումը տարածվելու է առաջին և երկրորդ խմբի հաշմանդամների, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցողների, հանցագործությունը մինչև 16 տարեկանը կատարած անձանց, հայրենական կամ արցախյան պատերազմի մասնակիցների, մարտական գործողություններում զոհվածի ծնողները կամ զավակները։
Թովմասյանի ներկայացմամբ, որ համաներումը չի տարածվելու հետևյալ հանցակազմերով հոդվածների վրա՝ բռնաբարություն, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի հետ, անառակաբարո գործողություններ, ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում, բանդիտիզմ, իշխանության յուրացում, լրտեսություն, պետական կամ հասարակական-քաղաքական գործչի սպանություն, ագրեսիվ պատերազմ, ցեղասպանություն և այլն։