Ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից. Իրարանցում Տիգրան Առաքելյանի դատավարության ժամանակ
Այսօր Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի և մյուսների գործով դատավարության ժամանակ Առաքելյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդություն ներկայացրեց Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու մասին: «Այդ միջնորդությունը պայմանավորված է նրանով, որ համաներման ակտը տարածվում է իմ պաշտպանյալի վրա և նրան կալանքի տակ պահելու համար դատարանի նախկինում հայտարարված բոլոր հիմքերը բացակայում են: Այդ իսկ պատճառով ես այժմ միջնորդում եմ փոխել խափանման միջոցը», նիստը նախագահող դատավոր Եվա Դարբինյանին դիմելով հայտարարեց Մուշեղ Շուշանյանը:
Դատավոր Դարբինյանը, սակայն, միջնորդությունը չընդունեց և ասաց, որ այժմ պաշտպանական և մեղադրական ճառերը ներկայացնելու փուլն է ու միջնորդության հարցը հնարավոր է քննարկել դրանից հետո միայն: Սակայն Մուշեղ Շուշանյանը և մյուս ակտիվիստների պաշտպան Ստեփան Ոսկանյանը հայտարարեցին, որ պաշտպանական ճառը ներկայացնելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ: Սակայն դատավորն անդրդվելի էր և ասաց, որ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը այս պահին հնարավոր չէ քննարկել:
Այդ հայտարարությունից հետո Տիգրան Առաքելյանը բարձրաձայն հայտարարեց, որ ինքը պաշտոնապես հրաժարվում է համաներումից: «Ես պաշտոնապես հրաժարվում եմ ամնիստիայից, ուրեմն դուք հրաժարվում եք իրականացնել Ձեր կուսակցապետի հրահանգները: Ինձ արդարացման դատավճիռ է պետք ու դա լինելու է հենց այս դատարանում», -հայտարարեց Տիգրան Առաքելյանը:
Այս հայտարարությունից հետո մեծ իրարանցում առաջացավ դատական նիստերի դահլիճում, մարդիկ սկսեցին բղավել` «ա-մոթ, ա-մոթ», ինչից հետո դատավորների եռյակը դուրս եկավ դահլիճից` առանց ընդմիջում հայտարարելու, իսկ Տիգրան Առաքելյանին հեռացրին ոստիկանները:
Նշենք, որ նախորդ նիստում ևս Մուշեղ Շուշանյանը փորձել էր նույն միջնորդությունը ներկայացնել, սակայն դատավորը դրան չէր անդրադարձել:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին