«Մարտական խաչի ասպետի պատիվը պետության պատիվն է». Ռուստամյանը նամակը հանձնեց նախագահական (Լուսանկարներ, տեսանյութ)
«Հրաչ Մուրադյան-արդարության պահանջ» հասարակական շարժումը և ՀՅԴ-ն այսօր Արամ Խաչատրյանի արձանի մոտից` «Ապահով երկրում հերոսներին սպանում են», «Պահանջում ենք արդարություն», «Մարտական խաչի ասպետի պատիվը պետության պատիվն է» ու այլ գրություններով ցուցապաստառներով շարժվեցին դեպի ՀՀ նախագահի նստավայր` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով:
Հիշեցնենք, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր այս տարի ապրիլի 2-ին, գյուղապետարանի դիմաց:
Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է պռոշյանցի Արայիկ Պետրոսյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանը նշեց, որ երկրի ղեկավարին խնդրում են սպանության բացահայտումը վերցնել իր վերահսկողության ներքո:
Հասնելով ՀՀ նախագահի նստավայր երթի մասնակիցները սկսեցին բացականչել` «Պարո'ն նախագահ, պահանջում ենք բացահայտել Ձեր մարտական ընկերոջ սպանությունը», «Հրաչ Մուրադյանի արյունը գետնին չենք թողնելու» և այլն:
Այնուհետև Ա. Ռուստամյանը նամակը ձեռքին մտավ նախագահական: Դուրս գալուց հետո հայտարարեց, որ հանդիպել է նախագահի ներկայացուցչի հետ, ով խոստացել է նամակն անմիջապես երկրի ղեկավարին հանձնել:
Ռուստամյանը հույս հայտնեց, որ սպանության բացահայտման ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն, ինչպես նաև հայտարարեց, որ այս ակցիայով չեն բավարարվելու:
Նախորդող հրապարակում`
Հրաչ Մուրադյանի սպանությունը կազմակերպված խումբ է կատարել. Փաստաբան Առուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները