Պռոշյանի գյուղապետի սպանության գործով բաց նամակ Գևորգ Կոստանյանին
Հայաստանի Փաստաբանների պալատի փաստաբան Նորայր Նորիկյանը Պռոշյանի գյուղապետի սպանության փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով նամակ է գրել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` նշելով, որ իր պաշտպանյալ և սպանության մեջ կասկածվող միակ անձը` իր պաշտպանյալ Արայիկ Պետրոսյանը անհիմն է արդեն մի քանի ամիս գտնվում կլանքի տակ:
Hetq.am-ի փոխանցմամբ, փաստաբան Նորիկյանը գրել է.
«Հարգելի պարոն Կոստանյան,
Ս.թ. ապրիլի 2-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի ղեկավարի վարչական շենքի դիմաց անհայտ անձի կողմից հրազենից արձակած կրակոցով սպանվել է համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը:
Նույն օրը նշված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է նույն համայնքի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով շուրջ ութ ամիս է, ինչ գտնվում է անազատության մեջ:
Նախաքննության ընթացքում կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ, հարցաքննվել են բազմաթիվ վկաներ, կատարվել են քննչական փորձարարություններ, բազմաթիվ առգրավումներ և բնակարանների խուզարկություններ, ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Ա. Պետրոսյանի խափանման միջոցի ընտրման վերաբերյալ ս.թ. ապրիլի 2-ից մինչ օրս ընդունվել է թվով 5 որոշում, որոնցից յուրաքանչյուրով դատարանը բավարարել է նախաքննություն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ խափանման միջոցը որպես կալանավորում ընտրելու մասին:
Սրանով հանդերձ, սույն քրեական գործով չի հիմնավորվել իմ պաշտպանյալի առնչությունը նշված դեպքին, և նրա մեղավորությունը քրեական օրենքով չթույլատրված արարքը կատարելու մեջ:
Պնդում ենք, որ նախաքննությամբ ձեռք չի բերվել որևէ վերաբերելի ապացույց, որևէ փաստական տվյալ, պաշտպանյալիս մեղավորությունը հիմնավորող որևէ հանգամանք՝ նրա կողմից նշված հանցագործությունը կատարելու վերաբերյալ:
Թեև այս ամենին, նախաքննություն իրականացնող մարմինը կրկին անգամ միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պաշտպանյալիս կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին:
Վստահաբար պնդում ենք, որ նշված միջնորդությունն ամբողջովին անհիմն է, չպատճառաբանված ու չհիմնավորված, հակասում է ինչպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի հոդվածներին, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին:
Հարգելի պարոն Կոստանյան,
մեր խորին համոզմամբ, նշված գործընթացով խաթարվում է արդարադատության իրականացման բուն էությունը, որի հետևանքով ակնհայտ անմեղ անձը հայտնվել է անազատության մեջ»:
Նամակն ամբողջությամբ` hetq.am-ում:
Հրաչ Մուրադյանի սպանությունը կազմակերպված խումբ է կատարել. Փաստաբան Առուստամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները