Յուրի Վարդանյանի որդին թմրանյութը ձեռք է բերել Ագարակից. Նոր մանրամասներ
Յուրի Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, որն այժմ գտնվում է կալանքի տակ, թմրանյութ օգտագործել է նախկինում, այժմ դադարեցրել է ու այլևս չի ցանկանում հիշել այդ մասին, հրաժարվել է դրանից: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Յուրի Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի փաստաբան Վահան Հայրապետյանը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 15-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում Դավիթ Վարդանյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը» և 215 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «թմրամիջոցների մաքսանենգությունը»: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր երկամսյա կալանքը: Հոկտեմբերի 16-ին հարուցված քրեական գործը ուղարկվել էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերի քննության վարչության վարույթ:
«Նա կատերգորիկ հրաժարվում է և ասում է, որ չի օգտագործելու որևէ թմրանյութ: Վերջիվերջո մարդը հասունանում է, խելքի է գալիս չէ՞: Կամաց-կամաց հասկանում է, թե ինչ է կարելի անել, ինչ չի կարելի: Եթե ասենք որոշ արտասահմանյան երկրներում մինչև անգամ դեղատներում են վաճառում թմրանյութ օգտագործողների համար, բայց այստեղ չկա, և այստեղ օրենքն այլ բան է ասում, ու այդ մարդը պետք է ենթարկվի մեր օրենքներին», -մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբանը:
Ավելի վաղ փաստաբան Վահան Հայրապետյանը Panorama.am-ին ասել էր, որ Դավիթ Վարդանյանն իր մեղքն ընդունում է մասնակի, սակայն չէր մասնավորեցրել, թե հատկապես որ մասով: Այս անգամ մեզ հետ զրույցում փաստաբանն ասաց, որ Վարդանյանը չի ընդունում թմրամիջոցների մաքսանենգության մասով իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը: «Նա ասում է, որ թմրանյութը ձեռք է բերել իր անձնական օգտագործման համար: Թմրամիջոցների մաքսանենգություն չկա և չի էլ կարող լինել», -փոխանցեց փաստաբանը:
Նա մեկ անգամ ևս հերքեց մամուլում շրջանառված տեղեկությունները, թե Իրանի իրավապահներն են իրականում հայտնաբերել նախարարի որդուն և խուսափելով հետագա միջպետական սկանդալից վերադարձրել են Իրանի իրավապահներին: «Մի՞թե այդ մարդկանց համար Սյունիքը պարսիկներին է պատկանում: Ագարակում ձեռք բերածը Պարսկաստանն է՞», -վրդովված էր փաստաբանը:
Նրա խոսքով, Դավիթ Վարդանյանը միայնակ է եղել, թմրանյութը ձեռք է բերել Ագարակից և մեկ օր էլ մնացել է Ագարակի հյուրանոցում, իսկ ոստիկանները նրան հայտնաբերել են դեպի Երևան վերադարձի ճանապարհին: «Ոստիկանները կանգնեցրել են, մեքենան ստուգել են և հայտնաբերել են: Այդքան բանն է եղել», -ասաց Հայրապետյանը՝ հրաժարվելով ասել, թե որքան է կազմել Դավիթ Վարդանյանի մոտ հայտնաբերված թմրանյութի չափը:
Փաստաբան Հայրապետյանից նաև հետաքրքրվեցինք, թե դժգոհություն արդյոք ունի՞ նախաքննական մարմնի գործողություններից: Մեր զրուցակիցը, սակայն, վստահեցրեց, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունը, որտեղ ընթանում է գործի նախաքննությունը, «ռեալ, բազմակողմանի և օբյեկտիվ» քննություն է իրականացնում:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ դա պայմանավորված է նրանով, որ մեղադրյալ Դավիթ Վարդանյանը կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի որդին է, փաստաբանը պատասխանեց. «Չէ, ինչի՞ համար եք այդպես ասում: Յուրի Վարդանյանի որդին էր, թող խափանման միջոցը ստորագրությունը լիներ երկրից չհեռանալու համար: Էլի կքննեին գործը, ինչ էր եղել: Բայց ոչ Յուրի Վարդանյանը միջամտեց, ոչ ես միջամտեցի»:
Նախորդող հրապարակումներ.
Նախարարի որդին ասել է, որ ֆինանսական միջոցներ չունի և այդ պատճառով նրան կպաշտպանի հանրային պաշտպանը
Յուրի Վարդանյանի որդին մասնակի ընդունում է մեղքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան