Վարդան Պետրոսյանը ցուցմունք է տվել ու ասել , որ հրաժարվում է մասնակցել քննիչ Հակոբյանի քննչական գործողություններին
Այսօր վաղ առավոտյան դերասան Վարդան Պետրոսյանը, որն այժմ կալանքի տակ է գտնվում, ցուցմունք է տվել, որտեղ նշել է, որ ինքը հրաժարվում է մասնակցել վթարի կապակցությամբ հարուցված քրեական գործով անցկացվելիք քննչական գործողություններին, որոնք կատարվում են քննիչ Հայկ Հակոբյանի գլխավորությամբ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Վարդան Պետրոսյանն այսօր առավոտյան իր ցուցմունքում գրեց, որ քննիչ Հայկ Հակոբյանը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը: Գրեց նաև, որ սուտ է մամուլում նրա կատարած հայտարարությունները, թե ինքը ներողություն է խնդրել. քննիչն իրենից ներողություն չի խնդրել: Նա ամեն ինչ մանրամասնորեն ներկայացրել է իր ցուցմունքում: Եվ հենց քննիչի վիրավորանքների ու ապօրինի գործողությունների համար էլ Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունքներ տալ, մասնակցել հետագա քննչական գործողություններին», -փոխանցեց փաստաբանը:
Ավելի վաղ Panorama.am-ը ներկայացրել էր քննիչի կողմից թույլ տրված խախտումները, որոնք մեզ հետ զրույցում թվարկել էր փաստաբան Բաղդասարյանը: Մասնավորապես, փաստաբանն ասել էր, որ դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանը դատարանում հայտնել է, որ գտնվելով վերակենդանացման բաժնում ի վիճակի չի եղել ցուցմունք տալ, և քննիչ Հայկ Հակոբյանը մի քանի մարդու ներկայությամբ ասել է հետևյալը` «դեռասանն, մեյմունություն է անում»: «Քննիչ, Հայկ Հակոբյանը դատական նիստի ժամանակ չհերքեց Վարդան Պետրոսյանի այդ հայտարարությունը», -դատական նիստում կատարվածը մեզ հետ զրույցում փոխանցել էր փաստաբանը:
Ավելին, ինչպես Բաղդասարյանը տեղեկացրեց, Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար են նշանակել գործով նույն քննիչին` Հայկ Հակոբյանին: «Այդ քննիչը քրեական գործի քննության ժամանակ խախտել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի բոլոր այն նորմերը, որոնք տեսականորեն այդ գործը քննող քննիչը կարող էր խախտել», -ասաց փաստաբանը:
Մեր դիտարկմանը, թե ոստիկանության ղեկավարությունը հաստատակամ է, պնդում է, որ քննիչը խախտումներ չի արել և ծառայողական քննություն չի նշանակում` քննիչին պատասխանատվության ենթարկելու համար, փաստաբանը արձագանքեց. «Դա նշանակում է, որ ոչ թե Վարդան Պետրոսյանի նկատմամբ է այդ վերաբերմունքը, այլ նրանք իրենց գործի նկատմամբ են նման վերաբերմունք դրսևորում: Ես չեմ հասկանում` պետական պաշտոնյայի կատարած ապօրինությունների մասին ահազանգում ես, իսկ իրենք ասում են` օրինական է: Նրա կատարած ամեն քայլի մասին հարցրեք իրավաբանականի յուրաքանչյուր ուսանողի, բոլորն էլ կասեն, որ անօրինականություն է»:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ պատրաստվում է քննիչին բացարկ հայտնելու մասին որոշումն այսօր ներկայացնել Կոտայքի մարզի դատախազին` նրան վարույթից հեռացնելու համար: Նկատենք, որ սա փաստաբանի արդեն երրորդ բացարկն է քննիչ Հակոբյանի նկատմամբ:
Նախորդող հրապարակումներ.
«Դեռասանն, մեյմունություն է անում». Վ. Պետրոսյանի փաստաբանը ոստիկանապետին խնդրում է պատժել քննիչ Հակոբյանին
Վարդան Պետրոսյանի կալանքի որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարանում կքննվի նոյեմբերի 21-ին
Վարդան Պետրոսյանի կալանքի մասին որոշումը դատարանը ընդունել է խախտումներով. Փաստաբանը թվարկում է դրանք
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները