ՄԱՊ-ի գործով Սիլվա Խաչատրյանը արդարացվեց, դատախազությունը հրաժարվեց մեղադրանքից
«ՄԱՊ» ընկերության գործով անցնող անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանը, որը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար, այսօր Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում արդարացվեց: Մեր ունեցած այս տեղեկությունը հաստատեց նաև Սիլվա Խաչատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Նա փոխանցեց, որ իրենց երկար բողոքներից հետո դատախազությունը հրաժարվել է մեղադրանքից, իսկ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանն էլ այսօրվա որոշմամբ կարճեց վարույթը:
Ավելի վաղ Panorama.am-ը անդրադարձել էր այս գործին և տեղեկացրել, որ Սիլվա Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2005-ից հանդիսանալով ֆիզիկական անձ, բանավոր պայմանավորվածության համաձայն, մինչև 2009-ի մայիսի 6-ը իրականացրել է «ՄԱՊ» ՓԲ ընկերության կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ տարածքում: Իսկ 2009-ի մայիսի 11-ից արդեն անհատ ձեռնարկատեր Սիլվա Խաչատրյանի և ՄԱՊ ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 2011-ի վերջ Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Այդ ժամանակահատվածում, ըստ մեղադրական եզրակացության, Սիլվա Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող 32, 935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել, որպես չվաճառված ապրանք և նշված գումարը վատնելու եղանակով, հափշտակելով ծախսել է իր անձնական կարիքների համար: Այսինքն` Սիլվա Խաչատրյանը մեղադրվում էր ՀՀ քր. օր-ի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ «խոշոր չափի յուրացում» նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Նկատենք, որ Սիլվա Խաչատրյանը 8 ամիս եղել է անազատության մեջ` կալանքի տակ:
Նախորդող հրապարակումներ.
Կալանքի տակ գտնվող երկու անչափահասների մայրը դատարան է հրավիրում ՄԱՊ-ի Ալիկին
«ՄԱՊ»-ի գործով Սիլվա Խաչատրյանն ազատ է արձակվել. Փաստաբանը դատարանի որոշումը համարում է օբյեկտիվ