Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
«Այս օրենքի նախագիծը միջազգային կառույցների հետ համագործակցության ու աշխատանքի արդյունք է», -այսօր իրավապահ մարմինների ներկայացուցիչների ու շահագրգիռ անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, շուտով ստեղծվելիք ՀՀ Միասնական քննչական ծառայության ղեկավար Աղվան Հովսեփյանը:
Նա տեղեկացրեց, որ «Միասնական քննչական կոմիտեի մասին» օրենքի նախագիծը և դրանից բխող օրենքների փոփոխությունների փաթեթն ուղարկվել է Հայաստանի նախագահի աշխատակազմ և արդարադատության նախարարություն` դրանց հետագա ընթացք տալու համար: Հովսեփյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծերի մշակման հարցում մեծ խորհրդատվական օգնություն են կատարել միջազգային կառույցները` Համաշխարհային բանկի կառույցները, ԵԱՀԿ գրասենյակի փորձագետները, ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետները: Բացի այդ, Հովսեփյանի խոսքով, դեկտեմբերի երկրորդ կեսին Երևան կժամանի միջազգային փորձագետ, որը կօգնի հետագայում կառուցվածքը ձևավորելու և աշխատանքային գործունեության հետ կապված մոտեցումները ձևավորելու հարցում:
Համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո, օրենքի նախագիծը կուղարկվի Հայաստանի Ազգային ժողով հաստատման:
ԵՄ խորհրդատվական խմբի փորձագետ Չարլզ Հայնրիխը իր ելույթում նկատեց, որ Հայաստանի իշխանությունների որոշումը, որ պետք է լինի մեկ անկախ մարմին, կարևոր նախաձեռնություն է և հեռանկար կա, որ նախաքննությունը Հայաստանում կարող է լինել անկախ: «ԵԽ անդամ պետությունները կիրառում են տարբեր ինստիտուցիոնալ մեթոդներ նախաքննություն իրականացնելու համար, և առաջարկվող մոդելը միասնական մոդել է: Հայաստանի իշխանությունները ցանկանում են, որ սա լինի անկախ և դա համահունչ է միջազգային փորձին, որտեղ առանձնացված են նախաքննության մարմինները: Սա ապահովում է անկողմնակալություն նախաքննության ընթացքում»,-հայտարարեց փորձագետը:
Հիշեցնենք Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ):
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան