Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները ընդունելու կամ չընդունելու մասին որոշումները ընդունվում են երկակի ստանդարտներով: Այդ մասին այսօր ներկայացնելով Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ Գենյա Պետրոսյանը:
Նա հիշեցրեց Փաստաբանների պալատի անդամների գործադուլ-դատադուլները և ասաց, որ Վճռաբեկ դատարանը մի դեպքում չի պատճառաբանվում, թե ինչու է բողոքը հետ վերադարձնում, մյուս դեպքում ընդունում է վարույթ:
Պաշտպանի տեղակալը նաև տեղեկացրեց, որ արտահերթ զեկույցում բարձրաձայնվում է նաև դատական համակարգում կոռուպցիայի առկայության մասին: Ուսումնասիրություններն ու կատարված հարցումները ցույց են տվել, որ առաջին ատյաններում կաշառքի գները ավելի ցածր են, քան մյուս ատյաններում: Գենյա Պետրոսյանի ներկայացմամբ, հարցումները ցույց են տվել, որ դատական համակարգում կաշառքը որոշվում է հայցագնի տասը տոկոսի չափով. առաջին ատյանում գները տատանվում են 500-1000 դոլարի շրջանակներում, իսկ Վճռաբեկ դատարանում այն հասնում է 10-50 հազար դոլար:
Գենյա Պետրոսյանը հույս հայտնեց, որ այս զեկույցը, որը իր բնույթով առաջինն է, պետք է ունենա շատ էական դերակատարություն այս ոլորտում: «Իրավապահ մարմինները ավելի զգոն կարող են լինել»:
Նշենք, որ զեկույցը կազմելու համար կատարվել են 120 հարցազրույցներ մասնագետների` ներկա ու նախկին դատավորների, փաստաբանների շրջանում, ինչպես նաև ուսումնասիրվել են են վճռաբեկ բողոքները: