Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պատրաստած արտահերթ զեկույցում Հայաստաի դատավորները պայմանականորեն բաժանվել են երեք կատեգորիաների: Այսօր հանրությանը ներկայացված դատական համակարգի մասին արտահերթ զեկույցում 1-ին կատեգորիայի մեջ մտնող դատավորները նրանք են, ովքեր ցանկացած գործ համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ. Այս դատավորները, ըստ զեկույցի, «ամենասիրված» դատավորներն են համարվում, որոնք արժանանում են խրախուսանքների:
Դատավորների մյուս խմբին պատկանում են նրանք, ովքեր համաձայնեցնում են միայն համաձայնեցման ենթակա գործերը:
Ըստ նույն զեկույցի երրորդ խմբի մեջ մտնում են այն դատավորները, որոնք ընդհանրապես որևէ գործ չեն համաձայնեցնում Վճռաբեկ դատարանի հետ` կայացնելով ինքնուրույն որոշումներ: Այս խմբի դատավորները սակավաթիվ են: «Այս դատավորները անկախ են և համարվում են ամենաչսիրված և անկանխատեսելի դատավորները, ուստի ենթակա են ճնշումների ու հետապնդումների ենթարկվելու մեծ ռիսկի», -նշվում է զեկույցում:
Դատավորների նկատմամբ ճնշումները որոշակի դրսևորումներ են ստանում նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի ներսում: Ըստ զեկույցի, Վճռաբեկ դատարանի պալատի դատավորների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով Վճռաբեկ դատարանի որևէ պալատի նախագահ կարող է որոշումը ստորագրել առաջինը, այնուհետև այն փոխանցել Վճռաբեկ դատարանի պալատի մյուս դատավորներին` նման կերպ կաշկանդելով նրանց հակառակ դիրքորոշում հայտնելու հարցում: «Ընդհանուր ճնշվածության և ազդեցության կոնկրետ լծակների առկայության պարագայում Վճռաբեկ դատարանի անդամները հիմնականում խուսափում են դիմադրել պալատի նախագահին և ենթարկվում են նրա կամքին»,-նշվում է զեկույցում:
ՄԻՊ աշխատակազմի արտահերթ զեկույցը պատրաստվել է 120 մասնագետների, փաստաբանների և դատավորների հետ հարցազրույցների արդյունքում: Մասնավորապես, դատավորներից մեկը, որի անունը չի հրապարակվում, օմբուդսմենին տեղեկացրել է հետևյալը. «Ստացված ցուցումների համաձայն, դատական նիստի ընթացքում ես հարկադրված էի պարբերաբար ընդմիջումներ հայտարարել` Վճռաբեկ դատարանի դատավորին գործի ընթացքի մասին զեկուցելու համար»:
«Դատավորների նկատմամբ առկա ճնշումները և դրանք իրականացնելու համար կիրառվող ռեպրեսիոն մեխնիզմները հանգեցրել են մի իրավիճակի, երբ հաճախ ստորադաս ատյանի դատավորները վերածվում են տեխնիկական աշխատանք իրականացող կամակատարների», -նշված է ՄԻՊ արտահերթ զեկույցում:
Նախորդող հրապարակում.
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց