Պաշտպանը պետք է ավելի խոհեմ ու զսպված լիներ. փորձագետ
«Ավենյու Քընսալթինգ գրուպ» խորհրդատվական ընկերության համահիմնադիր, դատաիրավական փորձագետ Գեորգի Խաչատրյանը Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը բաժանում է երկու մաս. առաջին մասը, ըստ Խաչատրյանի, հիմնավորված, իսկ երկրորդ մասը «ավելի շուտ հիշեցնում է բամբասանք կամ պատի տակ արված խոսակցություններ»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Խաչատրյանը մանրամասնեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի` «Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ» արտահերթ զեկույցում հիմնավորված է մասնավորապես այն հատվածը, որտեղ նշվում է, որ Արդարադատության խորհրդում որոշումները կայացվում են երկակի ստանդարտներով և նույն կերպ էլ Վճռաբեկ դատարանը վարվում է բողոքները վարույթ ընդունելու ժամանակ:
«Զեկույցում մատնանշվում են կոնկրետ գործեր և որոշումներ, որոնցից հնարավոր կլինի օբյեկտիվ կարծիք կազմել և հնարավոր կլինի ասել, որ զեկույցի հեղինակները իրենց եզրակացությունն անելիս հիմնվել են օբյեկտիվ փաստերի վրա», -նկատում է փորձագետը:
Իսկ ինչ վերաբերում է զեկույցի մյուս մասին, որտեղ անդրադարձ է կատարվել դատական համակարգում գոյություն ունեցող կոռուպցիայի և տարբեր ատյաններում կաշառքի սակագներին, ապա Խաչատրյանի պնդամամբ, դրանք վերացական ենթադրություններ են և Պաշտպանը նման ենթադրություններ անելու իրավունք չուներ:
«Ես համարում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը շատ ավելի կարևոր ու հեղինակավոր ինստիտուտ է, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակի դատարաններում գործերի քննության կաշառքի սակագները, որը, ըստ էության, աբսուրդ է անգամ այն պարագայում, եթե նման մեկ դեպք եղել է: Անընդունելի է այդ եզակի դեպքերը տարածել ամբողջ դատական համակարգի վրա ու հրապարակել ինչ-որ սակագներ, լուրջ չեմ համարում: Դա ավելի շատ վնաս է հասցնում ոչ միայն դատական համակարգին, այլ նաև հենց Պաշտպանի ինստիտուտին», -նկատեց Գեորգի Խաչատրյանը:
Փորձագետի դիտարկմամբ, հասարակության մի ստվար զանգված լսում է զեկույցի մասին, որտեղ դոլարային փոխարժեքով դատարաններում գործող կաշառքի սակագներ են նշվում, ակամայից սկսում է հավատալ ու չի փորձում խորանալ` որքանով է այդ տեղեկությունը օբյեկտիվ:
«Այլ է, որ շարքային քաղաքացին է այդ մասին, միանգամայն այլ է, որ այդ մասին խոսում է Մարդու իրավունքների պաշտպանը ու ավելին, դա գրում իր զեկույցում: Ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լուրջ վերաբերվեր նման տեղեկատվության ներկայացմանը: Պաշտպանը պետք է ավելի խոհեմ ու զսպված լիներ այդ հարցում, որպեսզի բացառի ոչ օբյեկտիվ տպավորությունը և ընկալումը», -նկատեց Խաչատրյանը:
Օմբուդսմենի արտահերթ զեկույցին հաջորդած Դատավորների միության խորհրդի արձագանքը, ըստ մեր զրուցակցի, հավասարակշռված էր ու սպասելի: Սպասելի էր նաև ՀՀ գլխավոր դատախազի արձագանքը, քանի որ կա հրապարակված փաստաթուղթ, որտեղ մատնանշվում են հանցագործության հատկանիշներ պարունակող գործողություններ: «Դատախազությունը իր նամակում մի քանի տեղ նշում է` ներկայացրեք գեթ մեկ փաստ: Օբյեկտիվորեն ես համարում եմ, որ նման փաստ չի ներկայացվելու, որովհետև աբսուրդային իրավիճակ է` այն անձը, որը կաշառքը վերցրել է, երբևիցե չի ասելու, որ վերցրել է, այն անձը, որը կաշառք է տվել, երբևիցե չի ասելու, որ տվել է», հավելեց դատաիրավական փորձագետը:
Նախորդող հրապարակումներ`
Պաշտպանը չի ասում, որ Հայաստանում բոլոր դատավորները կաշառակեր են. Էդմոն Մարուքյանի կարծիքը
Դատավորների միության խորհուրդը ՄԻՊ-ի զեկույցը համարում է հակապետական. Հայտարարություն
ՀՀ Գլխավոր դատախազը Պաշտպանին առաջարկել է առնվազն մեկ փաստ ներկայացնել դատախազությանը. Նամակ` ՄԻՊ-ին
Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնում է 50 հազար ԱՄՆ դոլարի. ՄԻՊ արտահերթ զեկույց (տեսանյութ)
Ում, ինչպես և դատական որ փուլում են կաշառք տալիս դատավորներին. Պաշտպանի սենսացիոն բացահայտումը (Տեսանյութ)
Ովքեր են ամենասիրված ու ամենաչսիրված դատավորները
ՄԻՊ-ը կանխակալ վերաբերմունք է քարոզում դատարանների հանդեպ. Արսեն Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան