Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց
Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
«Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցեց տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը միևնույնն է չի դադարեցնում հացադուլը:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»: Ինչպես հետո հայտարարել էր նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը, Շանթ Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել էր քաղաքացիական հագուստով ոստիկանին ծեծելու համար: Երկու ամսից ավել է` Շանթ Հարությունյանը գտնվում է կալանքի տակ:
Օրերս Շանթ Հարությունյանին «Երևան Կենտրոն» քրեակատարղական հիմնարկում հանդիպել էին և փաստաբանը, և Քրեակատարողական հիմնարկներում դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը, որոնք երկուսն էլ Panorama.am-ին ասել էին, որ Հարությունյանը հյուծված է ու շատ թույլ վիճակում է գտնվում:
Հիշեցնենք` Շանթ Հարությունյանը հացադուլի էր դիմել` պահանջելով վերացնել հարազատների հետ տեսակցությունների արգելքը և իր նկատմամբ գործադրվող անօրինականությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին