«Facebook»-յան գրառման համար Մութաֆյանից 3 մլն դրամ են պահանջում
Թատերագետ Լևոն Մութաֆյանը իր ֆեյսբուքյան գրառման պատճառով հայտնվել է դատարանում: Բանն այն է, որ Հայաստանի նախագահի «Արվեստ» մրցանակի շնորհման հանձնախմբի 5 անդամ դատի է տվել Մութաֆյանին` «Facebook»-ում կատարած գրառման մեջ իրենց պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:
Այս գործով բացի հիմնական պատասխանող Մութաֆյանից, ներգրավված են նաև երրորդ կողմեր` «Blognews.am» և «Pressing.am» լրատվամիջոցները, որտեղ էլ հրապարակվել է Մութաֆյանի հետևյալ միտքը. «Հիմնադրամի պատասխանատուները և «Արվեստ» անվանակարգի մասնագիտական փորձագիտական հանձնախումբը վաղուց ձևավորել են հակաարվեստային սկզբունքների մի ամբողջ մեխանիզմ, որն էլ, գործի դնելով, արդեն քանի տարի է, արգելք են դրել արվեստի այլ տեսակների և այլ ստեղծագործությունների դիմաց: Մրցանակը հիմնականում շնորհելով նկարիչների, միայն մեկ երկու դեպքում`ճարտարապետների և կինոգործիչների: Այսինքն, ձևավորվել է, այսպես կոչված, նկարիչների մաֆիա, որը հերթագրել է ծանոթ, մտերիմ նկարիչներին և ամեն մրցանակաբաշխության ժամանակ հենց նրանց են շնորհում մրցանակները `սխալ պատկերացումներ ձևավորելով մեր արվեստի, մասնավորապես, թատրոնի և կինոյի մասին: Հեռու լինելով թատերարվեստից, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ առաջնորդվելով թայֆայական շահերով, այս հանձնախումբը պատերազմ է հայտարարել թատրոնին և կինոյին` յուրովի սեփականաշնորհելով նախագահի մրցանակը»:
Հայցվոր կողմի փաստաբան Արփինե Եղիկյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացել է այս գործով նախանական դատական նիստը, որին ներկա չեն եղել ոչ Մութաֆյանը և ոչ էլ մյուս պատասխանողները: Հանձնաժողովի անդամները պահանջում են պարտավորեցնել Մութաֆյանին հրապարակային ներողություն խնդրել իրենցից իրենց վիրավորելու համար, նույն կայքերի միջոցով հրապարակել դատարանի վճիռը և հօգուտ հայցվորների բռնագանձել 3 մլն դրամ` 1 մլն դրամ վիրավորանքի համար, և 2 մլն դրամ էլ` զրպարտության:
«Եթե հիմքեր չլինեին, որ այս հայտարարությունը պատվի և արժանապատվության վիրավորանք է, չէի ստանձնի այս գործը», -մեզ հետ զրույցում ասաց փաստաբան Արփինե Եղիկյանը:
Ինքը` պատասխանող թատերագետ Լևոն Մութաֆյանը, անհիմն է համարում հայցը, ավելին, դրան վերաբերում է, ինչպես ինքն ասաց, հեգնանքով: Նա ասաց, որ դատարանին մի քանի էջանոց հիմնավորում է ներկայացրել և խնդրել է դատարանից հայցը համարել անհիմն: «Իրենք թերթերից մեկին հարցազրույց էին տվել և ինձ համարել էին հոգեկան հիվանդ, իրենք էլ ինձ են վիրավորել», -նկատեց Մութաֆյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է ինքն էլ հակընդդեմ հայցով հանդես գա, թատերագետն ասաց, որ իրեն դա պետք չէ և կարծում է, որ արվեստագետը արվեստագետի դեմ չպետք է նման բաներ անի: «Ես այդ ամենը ներկայացրել եմ դատարան ներկայացրած իմ հիմնավորումներում», -փոխանցեց Մութաֆյանը:
Նաև ասաց, որ գումար չունի փաստաբան վարձելու համար, հետևաբար դատարանում հենց ինքն էլ կպաշտպանի իրեն: Ինչ վերաբերում է մյուս նիստերին ներկայանալուն, ապա ասաց, որ իր համար խնդիր չէ նիստին ներկայանալը և նիստի օրվա ու ժամի մասին տեղյակ լինելու դեպքում անպայման կներկայանա:
Ի դեպ, դեռ հայտնի չէ հաջորդ նիստի օրը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան