Մինչև Վարդան Պետրոսյանը մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա. Տուժած վարորդ
Երևան-Եղվարդ ճանապարհին 2013-ի հոկտեմբերի 20-ին դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած «Նիվա» մակնիշի վարորդ Արթուր Հակոբյանը պնդում է հաշտեցում չի կարող լինել, եթե դերասանը իրեն մեղավոր չճանաչի:
«Եթե Վարդան Պետրոսյանն իրեն մեղավոր չի ճանաչում, ի՞նչ հաշտեցման մասին խոսք կարող է գնալ: Եթե մեղավոր համարեց իրեն, այդ ժամանակ հաշտեցում կլինի», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արթուր Հակոբյանը:
Նա պնդեց, որ ինքը կանգնած է եղել ճանապարհի հողածածկ գոտում, և հենց Պետրոսյանն է արագության տակ եկել ու հետևից բախվել իր մեքենային:
«էդ 100 տոկոս էդպես է եղել ես սուտ ասելու ոչինչ չունեմ: Մենք կանգնած տեղը, եկել խփել ա, դեռ մի բան էլ ուզում են մեզ մեղադրել: Ու ավելին, երեք ամիս էլ շոուներ են անում: Մինչև մեղքը չընդունի, մենք հաշտեցման չենք գնա»,- պնդեց մեր զրուցակիցը:
Նա նաև ասաց, որ վթարի հետևանքով տուժած իր դուստրը դեռ չի կարողանում քայլել: Նրա խոսքով, փոքր երեխայի նման սկսել է փոքր քայլեր անել:
Ի դեպ, հունվարի 17-ից Փաստաբանների պալատի փաստաբան Ռուբեն Բալոյանը բացի Արթուր Հակոբյանից, դատարանում ներկայացնելու է նաև տուժողների իրավահաջորդներ Աննա Կարապետյանի և Նաիրա Հայրապետյանի, ինչպես նաև մյուս տուժողներ՝ Էմմա, Տաթևիկ և Հայկ Հակոբյանների շահերը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Երևան-Եղվարդ ճանապարհին վթարի հետևանքով դերասան Վարդան Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բացի Պետրոսյանից, վթարի հետևանքով ծանր վնասվածքներով հիվանդանոցներ էին տեղափոխվել ևս 6 անձինք: «Նիվա» մակնիշի մեքենայի ուղևորներից հորեղբոր որդիներ Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին:
Հարուցված քրեական գործի նախաննության շրջանակներում դերասան, երգիծաբան Վարդան Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»: Այժմ Պետրոսյանը կալանքի տակ է և գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Քրեական գործի նախաքննությունը շուտով կավարտվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում