Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում բռնել են
ՀՀ ոստիկանության Հայաստանում Ինտերպոլի ազգային բյուրոյի օգնությամբ և Վրաստանի իրավապահների հետ համագործակցությամբ հունվարի 31-ին Թբիլիսիում հայտնաբերել և բռնել են Աշոտ Սուքիասյանին: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ներկայումս որոշվում է նրա էքստրադիցիայի (Հայաստանի իրավապահներին հանձնելու) հարցը:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը 2013 թվականի հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում էր կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի պատճառման, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Աշոտ Սուքիասյանը իրավապահ մարմինների դիտակետում հայտնվել էր «Հետք»-ում հրապարակված օֆշորային սկանդալի մասին պատմությունից հետո: Երբ նախաքննական մարմինը հայտարարեց, որ հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ, Սուքիասյանը նամակ էր գրել գլխավոր դատախազությանն ու «Հետք»-ին, որտեղ ասված էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: