Գ. Կոստանյանը զրուցել է զոհված զինծառայողների մայրերի հետ (տեսանյութ)
Այսօր գործադիրի նիստից հետո կառավարության վարչական շենքից դուրս գալիս ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մոտեցել է բողոքի ակցիա անող զոհված զինծառայողների մայրերին և խոսել նրանց հետ:
«Ուրեմն դուք լավ գիտեք, որ ես ձեր բոլոր գործերից շատ լավ տեղյակ եմ,և մենք բազմիցս բոլոր հանցագործություններիև ձեր դժբախտությունների, մեր բոլորի դժբախտությունների հետ կապված մենք բազմիցս և մտքեր ենք փոխանակել, և ձեռնարկել ենք ու ձեռնարկում ենք համապատասխան միջոցներ, և բոլորդ էլ գիտեք, որ յուրաքանչյուրիդ գործի հետ կապված ես ներգրավվածություն եմ ունեցել, և իմ ներգրավվածությունը դեռևս շարունակվում է, և այն հանգամանքը, որ այդ գործերից որևէ մեկը ոչ կասեցված և ոչ կարճված է, կամ որեւէ այլ կերպ ավարտված հայտարարված չէ, դա նշանակում է, որ այդ բոլոր գործերն իրենց ամբողջ ընթփացքով շարունակվում են քննվել: Ես համոզված եմ, որ նոր զինդատախազը Ձեզ հետ քննարկել է հարցը ու ավելի առարկայական ուսումնասիրում են գործերը»:
Զոհված զինծառայող Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, դժգոհել է, թե քրեական գործերով առաջխաղացում չի տեսնում, ինչին ի պատասխան, Կոստանյանն արձագանքել է. «Առաջխաղացումը պայմանավորված է հետևյալով, մենք այդ մասին քննարկել ենք. Քրեական գործի նախաքննությունը հասել է այն փուլ, որ այլ ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունը պայմանավորված կլինի էքսգումացիայի արդյունքներով: Իսկ էքսգումացիան հնարավոր է անել բացառապես Ձեր համաձայնությամբ: Որ պահին Ձեր համաձայնությունը տաք, այդ պահին մենք մեր պրոցեսը կսկսենք»:
Սակայն տիկինը չի համաձայնել Կոստանյանի հետ և նկատել է. «Ես քրեական գործով ունեմ ապացույցներ, որոնք ուղղակի ապացուցում են գումարտակի հրամանատար Մհեր Ստեփանյանի կողմից սպանություն կատարելը»:
Կոստանյանը լսելով քրեական գործերի նախաքննությունից ու դատաքննությունից դժգոհ մայրերի մտահոգությունները ասաց, որ պատրաստ է նրանց որևէ իրավաբան-մասնագետի հետ ընդունել, քննարկել գործով ի հայտ եկած նոր հանգամանքները և ընթացք տալ դրանց:
Տեսանյութը` «Ա1+»-ի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները