ՀՀ քննչական կոմիտեի մասին օրինագծի որոշ դրույթներ ԱԺ-ում տարակարծություններ առաջացրին
Այսօր Ազգային ժողովի Պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի նախագահությամբ որոշվեց ՀՀ Քննչական ծառայության մասին օրինագիծն ու դրան հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին շուրջ 2 տասնյակին հասնող նախագծերի վերաբերյալ աշխատակարգային քննարկում կազմակերպել: Իսկ դրանց վերաբերյալ եզրակացությունը հնարավոր կլինի տալ արդեն մյուս շաբաթ հանձնաժողովի նիստում: Օրինագծերը հանձնաժողովում ներկայացնողը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էր: Դավիթ Հարությունյանի առաջարկությամբ որոշվեց Կոմիտեի մասին օրինագիծը քննարկել հոդված առ հոդված և դրանց վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել:
Քննչական կոմիտեի մասին օրինագծի դեմ ոչ մի պատգամավոր առարկություն չուներ: Բայց օրինագծի գրեթե բոլոր հոդվածների վերաբերյալ և Դավիթ Հարությունյանը, և նախկին զինդատախազ, հանձնաժողովի անդամ Գագիկ Ջհանգիրյանը ներկայացնում էին մասնագիտական դիտարկումներ, առարկություններ` տարբեր հոդվածների վերաբերյալ ու մատնանշում տեխնիկական թերությունները:
Գագիկ Ջհանգիրյանն ասաց, թե օրինագիծը կարդալիս տպավորություն է ստացել, թե գրողը նախկին դատախազ է, քանի որ այն կրկնում է դատախազության մասին օրենքը:
«Հատկապես այն հոդվածները, որոնք վերադասության, ստորադասության հարաբերություններն են կարգավորում: Օրինակ այս օրենքի նախագծում մենք քննիչի ինքնուրույնությունը ամբողջությամբ անտեսել ենք», -նկատեց Ջհանգիրյանը:
Թովմասյանը, սակայն, փարատեց և ասաց, որ փոփոխություն է կատարվել. քննչական կոմիտեի յուրաքանչյուր ծառայող կարող է ունենալ միայն մեկ անմիջական վերահսկող:
Ջհանգիրյանի մյուս դիտողությունը վերաբերում էր Արդարադատության ակադեմիային, որտեղ վերապատրաստում պետք է անցնեն Կոմիտեում աշխատող քննիչները: Նրա մտահոգությունը վերաբերում էր մյուս քննչական մարմինների քննիչների ու Կոմիտեի քննիչների միջև խտրականությանը:
«Այդ ինչի ՀՔԾ քննիչները այնտեղ վերապատրաստում չեն անցնում, նոր նշանակվեն», -հետաքրքրվեց Ջհանգիրյանը:
Թովմասյանն ի պատասխան ասաց, որ ՀՔԾ ղեկավարը նույնպես այդ հարցը բարձրացրել է, հետևաբար օրինագծում փոփոխություն կկատարվի շուտով: Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ, ՊԵԿ քննչական մարմիններին, ապա դրանց` Կոմիտեում միավորվելու դեպքում, ըստ Թովմասյանի, վերապատրաստումն ու ուսուցումը միասնական կլինի:
Գագիկ Ջհանգիրյանը օրենքի նախագծի վերաբերյալ մեկ դիտարկում էլ ուներ. «Այս օրինագծով Կոմիտեի նախագահին առընթեր ու նրա անմիջական ղեկավարությամբ կարևորագույն գործերով քննիչներ են աշխատելու: Քանի որ մենք նաև ապագայում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծով քննիչին իրավունք ենք տալու իր պետի իր համար անընդունելի հանձնարարությունները բողոքարկի հսկող դատախազին: Հիմա դուք ո՞նց եք պատկերացնում` այդ քննիչները որևէ պետ չեն ունենում և անմիջապես ենթարկվում են կոմիտեի նախագահին: Դա մեր քրդատի հերն անիծելու է»:
Նրա եզրակացությամբ այս ամենի մեջ դատախազի ձեռագիր կա: Նույնիսկ պատմություն հիշեց. «Ես հիշում եմ, որ 95 թվականին Սահմանադրությունը այս դահլիճում քննարկում էինք, նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գրիգորյանն ասում էր` գոնե ինձ երեք հատ հատկապես կարևոր գործերով քննիչ թողեք էլի»:
Դավիթ Հարությունյանը համաձայնեց Ջհանգիրյանի ասածին ու հստակեցրեց` հատուկ կարևորագույն քննիչները չպետք է լինեն Կոմիտեին նախագահին առընթեր, այլ մեկ վարչության կազմում: Հանձնաժողովի նախագահը առանձնացրեց մեկ «անհաջող ձևակերպում»` «ցանկացած գործի քննության օբյեկտիվությունը երաշխավորելու համար այն կարելի է հանձնել Հատուկ քննչական ծառայությանը»:
«Սա վատ տպավորություն է թողնում Կոմիտեի մասին», -եզրակացրեց Հարությունյանը:
Նախարար Թովմասյանն ասաց, որ հնարավոր է հստակեցնել հիմքերը, ձևակերպումները: Հարությունյանը նաև Կոմիտեի հաստիքացուցակի հետ կապված խնդիրը բարձրացրեց` անհրաժեշտ համարելով ցուցակի առկայությունը և ըստ դրա հաշվարկ կատարելը: Նրա մյուս մտահոգությունը, որն ինչպես ինքը ձևակերպեց, իր «դուրը չի գալիս», հանցավորության նվիրված նիստերի անցկացումն է:
«Դա ինձ հիշեցրեց մեր գործկոմի մարմինների նիստերը հանցավորությանը նվիրված: Ես կառաջարկեի դրանից հրաժարվել: Դա գուցե այդքան կարևոր չէ, բայց մեր օրենսդրական ակտերի ոճն է փոխվում: Իսկ սա այլ ոճ է հիշեցնում»,-բացատրեց Հարությունյանը:
Ի դեպ, նախարար Հրայր Թովմասյանը բավական բարյացկամ էր, գրանցում էր պատգամավորների առաջարկությունները և հաճախ համաձայնում դրանց հետ: Նա նույնիսկ համաձայնեց հոդվածներից մեկը հանել օրենսգրքից:
Հիշեցնենք` Սերժ Սարգսյանը կարգադրություն էր ստորագրել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նշանակվել էր Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ:
Հարակից հրապարակումներ`
Ինչո՞ւ են 5-ի փոխարեն 2 քննչական մարմիններ միավորվում քննչական կոմիտեում. Քննարկում ԱԺ-ում
Քննչական կոմիտեի ղեկավարին կներկայացնի վարչապետը
Նոր ստեղծվելիք Քննչական կոմիտեի կազմում օմբուդսմեն կաշխատի
Ովքեր են աշխատելու նորաստեղծ Քննչական կոմիտեում և ինչպես են վարձատրվելու
Հանրությանն է ներկայացվել «Միասնական քննչական կոմիտեի» մասին օրենքի նախագիծը
Միասնական քննչական մարմին` առանց ՊԵԿ քննչական ծառայության (տեսանյութ
Վաղ, թե ուշ բոլոր քննչական ծառայությունները կլինեն մեկ մարմնի կազմում. Գևորգ Դանիելյան (տեսանյութ)
Հիմնական պատճառը գերատեսչական անկախությունն էր, որ միասնական քննչական մարմին է ստեղծվում. Ղազինյան (տեսանյութ)
Նոր ստեղծվելիք քննչական կոմիտեի ծառայողը պետք է ունենա արտաքին և ներքին անկախություն. Արթուր Ղամբարյան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են