Գլխավոր դատախազը` Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին
Աշոտ Սուքիասյանի արտահանձնման հետ կապված ընթացակարգի շրջանակներում դատական գործընթացը դեռ շարունակվում է, քանի որ դա կարգավորվում է միջազգային կոնվենցիաներով` այս դեպքում Մինսկի միջազգային կոնվենցիայով: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով «օֆշորային գործով» հայտնի Աշոտ Սուքիասյանի էքստրադիցիայի (Հայաստանի իրավապահներին հանձնելու) հարցին:
«Ես վստահ եմ, որ կոնվենցիայով սահմանված ներպետական բոլոր ընթացակարգերն անցնելուց հետո մենք կունենանք ավելի կոնկրետ փաստեր»,- ասաց դատախազը:
Հարցին, թե որքա՞ն ժամանակահատվածում կարող է Աշոտ Սուքիասյանն արտահանձնվել Հայաստան, գլխավոր դատախազը պատասխանեց, որ դա պայմանավորված է կոնվենցիոն և ներպետական ընթացակարգերով:
«Մեր պետության օրենսդրությամբ սահմանված է 40 և 90 օր տևողությամբ, Վրաստանի օրենսդրությամբ ևս սահմանված են նմանատիպ ժամկետներ՝ որոշ վերապահումներով, այդ բոլոր ժամկետների շրջանակներում որոշումները կկայացվեն»,- ասաց Գ.Կոստանյանը` հավելելով, որ էքստրադիցիայի ենթակա անձը ևս ունի դատական պաշտպանության իրավունք, և հիմա, իրենց տեղեկություններով, ինքը վիճարկում է այդ փաստը վրացական ներպետական ատյաններում:
Հարցին, թե Աշոտ Սուքիասյանը չի՞ ցանկանում Հայաստան գալ, Գ.Կոստանյանը պատասխանեց. «Չգիտեմ, իր ցանկությունը չեմ կարող արտահայտել»:
Իսկ արդյոք Ա. Սուքիասյանի չարտահանձնվելու ցանկությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ նրան Հայաստան չտեղափոխելու համար, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Իհարկե, այստեղ ոչ ոք ցանկություն հաշվի չի առնում»:
Նախորդող`
Օֆշորային սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանին Թբիլիսիում բռնել են