Խորհրդարանական 4 ուժերի համար շատ կարևոր է մարտի 1-ի հարցը ուղղակի բարձրացնելը. Անդրանիկ Քոչարյան
Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծի վերաբերյալ Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը այս պահին ոչինչ չի ասում:
«Ես կսպասեմ քվեարկության արդյունքներին, նոր միայն կխոսեմ այդ մասին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Սակայն մինչ այդ, Փաստահավաք խմբի նախկին անդամն ասում է, որ իր համար կարևոր է ոչ թե հարցը բարձրացնելը, այլ այն, եթե խորհրդարանական մեծամասնությունը վիժեցնի հարցը ու որոշումը չընդունվի, ապա ի՞նչ ծրագիր են առաջարկելու չորս ոչ իշխանական քաղաքական ուժերը՝ մարտիմեկյան դեպքերի բացահայտման ուղղությամբ:
«Եթե ծրագիր չեն առաջարկելու, ապա դա արդեն ուրիշ պատմություն է: Ինձ խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է, թե որ ճանապարհն է տանելու դեպի բացահայտում այս իշխանությունների օրոք», -փոխանցեց Քոչարյանը:
Հայ Ազգային կոնգրես խմբակցության կողմից երկրորդ անգամ նույն որոշման նախագիծը այս տարի ներկայացնելը նախորդ տարվա կրկնությունն է Քոչարյանը համարում:
«Անցյալ տարի էլ նույն բանն արեցին, ինչի՞ հասան: Ինչ-որ բան է փոխվել պառլամենտի քաղաքական պատկերի մեջ: Բնականաբար՝ ոչ: Էդ դեպքում ի՞նչ կարիք կա նույն հարցը բարձրացնել, նրանք էլ ասեն՝ ոչ: Ընդդիմություն հայտարարած չորս ուժերի համար շատ կարևոր է հարցը ուղղակի բարձրացնելը, բայց լուծումների տանող ճանապարհ ոչ իշխանությունն ունի, ոչ ընդդիմությունը այս պահին», -հայտարարեց Քոչարյանը:
Նշենք, որ Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության հարցերով Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին ՀԱԿ խմբակցության ներկայացրած որոշման նախագծի քվեարկությունը տեղի կունենա մարտի 10-ին կայանալիք ԱԺ քառօրյա նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան