Չգիտեմ` ով ինչ է մտածում, որ ժամանակին կուռք դարձրած առաջին նախագահին պիտակներ է տալիս. Թովմասյան (տեսանյութ)
«Ես չգիտեմ` ով ինչ է ուզում, ով ինչ է մտածում, որ իր ազդեցության տակ գտնված թերթում իրենց ժամանակին կուռք դարձրած առաջին նախագահին այսօր ինչ-որ պիտակներ է տալիս: Ես չգիտեմ` ով ինչպես է մտածում ու ինչ են ուզում անել: Համենայն դեպս` ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունն այդպիսին չլինի», -այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ռադիոյի ու Գովազդի մասին օրենքներում կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում հայտարարեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Նրա ակնարկն ուղղված էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, որն իր ելույթում նկատել էր, որ այս օրինագծերով կառավարությունը փորձում է նվաստացնել Հանրային հեռուսաընկերությանը` գովազդից զրկելով և այդ գումարներն ուղղելով այլ մասնավոր հեռուստաընկերությունների:
Այնուհետև շարունակեց. «Ես ուզում եմ, որ իմ տասը տարեկան երեխան, երբ հակաբեղմնավորիչների գովազդների ժամանակ հարցնի` պապ, էդ ինչ ա, ես չկարկամեմ ու չկարողանամ պատասխանել, թե էդ ինչ ա: Ես ուզում եմ, որ իմ Հանրային հեռուստաընկերությունում բռնություն չքարոզվի: Ես չգիտեմ, թե ինչու մարդիկ հանկարծ հայտնվել են Հանրային հեռուստաընկերության պաշտպանի դերում: Ես չգիտեմ` ինչու են մարդիկ հանկարծ 2-3 հեռուստաընկերության անուն տալիս վախենում կամ կարկամում մյուսների անունները տալուց: Վախենում կամ ընդհանրապես չեն արձանագրում, որ հեռուստաընկերություններից ոմանք այսօր բրեժնևյան քարոզչամեքենայից չեն տարբերվում»:
Թովմասյանի խոսքով, տարբեր կարծիքները միմյանց չպետք է թշնամեցնեն և ամենևին էլ չպետք է տպավորություն ստեղծվի, թե ով խորհրդարանի ամբիոնից բարձր խոսեց, հետևաբար ճիշտ է խոսում:
«Եթե այդպես լիներ, ուրեմն ամենաճիշտ խոսողը մեր երևանյան բակերում ժավել ծախող էն տիկինը կլիներ, որովհետև երկու բառ է ասում, բայց ամենաբարձրն է ինքը գոռում: Էդպես չէ: Ես ուզում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը դառնա նմուշօրինակ»,-հավելեց Թովմասյանը:
Նշենք, որ օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է Հանրային հեռուստաընկերությամբ արգելել գովազդի ցուցադրությունը բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաև մշակութային, սպորտային, գիտական հեռուստահաղորդումների ժամանակ հովանավորների մասին տեղեկության նշման: Սակայն այդ հովանավորը պետք է լինի միայն մեկը: Թովմասյանը օրինագծերը ներկայացնելիս ասաց նաև, որ ներկայացվող փոփոխությունները առաջարկվել են հանրային սեկտորի կողմից:
Նախորդող հրապարակում`
Պետության քաղաքականությունն է Հանրային հեռուստաընկերությունը անկախ դարձնել գովազդատուներից. Թովմասյան (Տեսանյութ)
Մանրամասները` տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները