«Կուտակային»-ՍԴ. 53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Սահմանադրական դատարանում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների վիճարկման հարցով քննության ժամանակ Բարձր դատարանը որպես կողմ հանդես եկող Կենտրոնական բանկից պահանջել և ստացել է 53 փաստաթուղթ: Այս մասին նիստում ՍԴ անդամներին տեղեկացրեց գործով զեկուցող Վոլոդյա Հովհաննիսյանը:
Դիմող կողմը սկսեց ներկայացնել ՍԴ ներկայացրած դիմումը, դրա պահանջները և հիմնավորումները: Այն դատարանին է ներկայացնում ԱԺ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս հայտարարեց, որ ինքը ներկայացնելու է դիմումի առաջին՝ նախաբանի մասը: Այնուհետև նրան շարունակեց փաստաբան Մերի Խաչատրյանը:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, Ժառանգություն, Բարգավաճ Հայաստան և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները