«Կուտակային»-ՍԴ.Սահմանադրական դատարանում դիմող կողմը ձևակերպեց պահանջը
Դիմող կողմը Սահմանադրական դատարանից խնդրում է որոշել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5, 7 հոդվածների դրույթների պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակիցների շրջանակի և տարիքային խտրականության մասով ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ, 14.1-րդ, 42-րդ, 117-րդ հոդվածների համապատասխանության հարցը: Դիմող կողմի պահանջը ներկայացրեց իրավաբան Մերի Խաչատրյանը: Նկատենք, որ մինչ այդ դիմումի նախաբանը դատարանի ուշադրությանը ներկայացրել էր ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Տարիքային սահմանափակում դնելով, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքն ինքնին հակասում է Սահմանադրության 3; 6 և 14.1 հոդվածներին: Առկա է տարիքի և գույքի խտրականություն այն տեսանկյունից, որ միևնույն չափով ամսական եկամուտ ստացող, 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք` սկսած 2014թ. հունվարի 1-ից ընդուպ մինչև կենսաթոշակային տարիքի վրա հասնելու պահը չունեն հավասարաչափ ժամանակ` կուտակելու հավասարաչափ ծավալի կենսաթոշակ», -հայտարարեց իրավաբանը:
Նա վկայակոչեց մարդու սեփականության իրավունքի պաշտպանության մասին ՀՀ Սահամանադրության համապատասխան հոդվածները և հայտարարեց, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթները հակասում են դրանց:
Հիշեցնենք` նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի Հ. Յ. Դաշնակցություն, «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» և Հայ Ազգային կոնգրես խմբակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» հունվարի 1-ից ուժի մեջ մտած որոշ դրույթներ, մասնավորապես, պարտադիր բաղադրիչը, հակասահմանադրական ճանաչելու համար: Արդեն այս տարվա հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը, մինչև գործի դատաքննության ավարտը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները:
Նկատենք, որ օրենքի պարտադիր բաղադրիչը տարածվում է 1974 թվականից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա, որոնք այս տարվա հունվարի մեկից պարտավոր են իրենց աշխատավարձի նվազագույնը 5 տոկոսը տրամադրել կենսաթոշակային հիմնադրամներին: Քաղաքացիները, որոնց աշխատավարձը չի գերազանցում 500 հազար դրամը, կենսաթոշակ կկուտակեն իրենց աշխատավարձի 5%-ի չափով, իսկ պետությունը, իր հերթին, փոխանցում կկատարի 5%-ի չափով: Այն քաղաքացիներին, որոնց աշխատավարձը գերազանցում է 500 հազար դրամը, պետությունը կփոխանցի 25 հազար դրամ, իսկ քաղաքացին յուրաքանչյուր ամիս կկուտակի այնքան, որ իր և պետության կուտակումը կազմի աշխատավարձի 10%-ը:
Նախորդող հրապարակումներ`
Սահմանադրական դատարանում մեկնարկել է վիճահարույց օրենքի հարցով քննությունը
53 փաստաթղթի փաթեթ միայն Կենտրոնական բանկից
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները