Մոսոյին պետք է ողջերի մեջ փնտրել, ոչ թե դիակների. Փաստաբան
Մովսես Ներսիսյանը և ոչ էլ նրա դիակը, որին սպանելու համար մեղադրվում է արդեն երկու ամսից ավելի կալանքի տակ գտնվող Իսրայել Սարգսյանը (Իսո), դեռևս չի հայտնաբերվել, թեպետ Իսոյի պաշտպան Գայանե Գալոյանը կարծում է, որ Մոսոն ողջ է և նրան չպետք է դիակների մեջ փնտրել:
«Մարդը եթե դիակ չէ, կենդանի է. միջին վիճակ չկա»,-մեզ հետ զրույցում նկատեց Իսոյի փաստաբան Գայանե Գալոյանը:
Հիշեցնենք՝ Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորված են Իսրայել Սարգսյանն և Տիգրան Ասատրյանը: Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (38-104-ը` հանցագործության կազմակերպիչ), 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետը` սպանություն` կատարված շահադիտական դրդումներով, պատվերով), 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով (այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել):
Քրեական գործով նախաքննական մարմինը պարզել էր, որ Իսրայել Սարգսյանը իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը և հետո իր հանցանքը թաքցնելու դիտավորությամբ, Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավթաշեն թաղամասում գտնվող հյուրանոցներից մեկը, որտեղ անձամբ սպանել է Մովսես Ներսիսյանին: Այնուհետև, ըստ ոստիկանության, Իսոն Մովսես Ներսիսյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Քանաքեռավանի դաշտային հատված և նետել նշված հատվածում գտնվող կոյուղու դիտահորը: Իսոն, սակայն չի ընդունում մեղադրանքը և հայտարարում է, որ ինքը ոչ մեկին չի սպանել:
Իսոյի փաստաբան Գայանե Գալոյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ քրեական գործի նախաքննությունը գտնվում է փակուղում, որևէ նորություն չկա, անձը շարունակում է մնալ անազատության մեջ: Ավելին, նրա խոսքով սահմանափակել են հարազատների հետ շփումը, ինչը ըստ փաստաբանի, միտում ունի հոգեբանորեն ճնշել Իսոյին: Փաստաբանը արդեն մի քանի անգամ վերաքննիչ ու վճռաբեկ բողոքներ է ներկայացրել խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, սակայն ապարդյուն:
«Եթե դիակ չկա, եթե չկա որևէ ապացույց կամ անձ, որը ասի տեսել եմ՝ ինչպես է Մոսոյին սպանել ու տարել եսիմ ուր գցել, ինչո՞ւ են կալանավորում», -ասաց փաստաբանը:
Նա նաև տարօրինակ է համարում այն, որ Մոսոն որևէ իրավական կարգավիճակ չունի՝ տուժո՞ղ է, թե՞ մեղադրյալ: Գայանե Գալոյանն ասաց, որ սեփական հետաքննությունը չի կատարել պարզելու՝ որտեղ է Մոսոն կամ նրա դին:
«Ամեն դեպքում ներքին համոզվածություն ունեմ, որ ինքը կենդանի է: Նախաքննական մարմինը նրան դիակների մեջ փնտրելով, հնարավորություն տվեց խուսափելու պատասխանատվությունից և հանրապետությունից դուրս գալ: Մովսես Ներսիսյանը Ղարաբաղում ծառայած ժամանակին լավ փորձ ունեցած անձնավորություն է ու ամեն ինչին տիրապետում է՝ նաև հանրապետությունից դուրս գալու ելքերին», -հավելեց փաստաբանը:
Փաստաբանը պատրաստվում է առաջիկայում «խիստ էական» միջնորդություններ է ներկայացնել, որոնց մասին նախաքննական գաղտնիության սկզբունքից ելնելով, չի ցանկանում խոսել:
Հարակից հրապարակումներ՝
Իսոն չի ընդունում մեղադրանքը
Իսոյի փաստաբանը ոստիկանությանը մեղադրում է անձի անմեղության կանխավարկածը խախտելու մեջ
Թևոսիկի եղբոր սպանության պատվիրատուն սպանությունից հետո հիվանդանոցում ցավակցել է հարազատներին. Մանրամասներ (տեսանյութ)
Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանությունը կատարողին Իսոն հյուրանոցում սպանել է. Բացահայտում
Իսոյի և Տիգրան Ասատրյանի մեղադրանքը խստացվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները