Անսպասելի էր, որ իմ անունը կապվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքի հետ. Բաղդասարյանը` ադրբեջանցի լրագրողի կալանքի մասին
«Ինձ Մատա Հարի հռչակելով, Ադրբեջանի իշխանությունները նպատակ ունեն խաչ քաշել ժողովրդական դիվանագիտության վրա», մեկնաբանելով ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման փաստը «Արմինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:
Միրկադիրովը կալանավորվել է Բաքվի օդանավակայանում Թուրքիայից արտաքսվելուց հետո: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մեղադրում է լրագրողին 2008-2009 թթ. Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար: Նրա նկատմամբ մեղադրանքը առաջադրվել է պետական դավաճանության հոդվածով: Մեղադրանքի համաձայն, Միրկադիրովը մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի անվտանգության ծառայության աշխատողների հետ, կատարել նրանց հանձնարարությունները: Որպես անվտանգության ծառայության ներկայացուցիչներ, որոնց հետ լրագրողը համագործակցել է, նախաքննության տվյալներով, նշվում է Լաուրա Բաղդասարյանի անունը և ևս մեկ քաղաքացի, որի անունը Միրկադիրովը չի իմացել:
«Հասարակական կազմակերպությունների գործունեության շրջանակներում մենք համագործակցում ենք, տարբեր ծրագրեր ենք իրականացրել Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի հետ միասին դեռ 2005 թվականից: Կարծում եմ, որ և Հայաստանում, և Ադրբեջանում բոլորը գիտեն, թե ինչով ենք զբաղվել այս ամբողջ տարիների ընթացքում, քանի որ մեր ամբողջ գործունեությունը բոլորի աչքի առջև է եղել: Մենք միշտ փորձել ենք ընդհանուր եզրեր գտնել Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի հասարակությունների միջև: Այդ իսկ պատճառով անձամբ ինձ համար միանգամայն անսպասել էր, որ իմ անունը կապվում է պետական դավաճանության լուրջ մեղադրանքի հետ», -լրատվամիջոցին ասել է տիկին Բաղդասարյանը:
Նա նկատել է, որ Ադրբեջանում «բավական հետաքրքիր» քննարկումներ են ընթանում լրագրողի ազատազրկման կապակցությամբ և կալանքի հիմնական վարկածներից մեկն այն է, որ Միրկադիրովն ուղղակի ադրբեջանական իշխանությունների համար անցանկալի անձ է եղել:
«Ռաուֆը մեր պրոյեկտի հեղինակներից մեկն է եղել: Նա մասնակցել է մեր կայքում` publicdialogues.info հեռարձակված ինտերնետ-կոնֆերանսներին: Մտավախություն ունեմ, որ այժմ կարող են Ադրբեջանում մեր գործընկերները ի դեմս Բաքվի Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի աշխատակիցների, վտանգի ենթարկվել: Ամեն դեպքում, այժմ մեր խաղաղարար գործունեության վրա հնարավոր է խաչ քաշվի, քանի որ Ադրբեջանում մեր գործընկերները կվախենան կամ չեն ցանկանա գործ ունենալ ինձ հետ»,- նշել է Բաղդասարյանը:
Նախորդիվ`
Ադրբեջանում ձերբակալված լրագրող Միրկադիրովը հերքում է պետական դավաճանության մեջ իրեն առաջադրած մեղադրանքները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները