Մաշտոցի պուրակից քաղաքացիներ են բերման ենթարկվել
Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: Ոստիկանության լրատվական ծառայությունից այս պահին որևէ մեկնաբանություն չտվեցին, թե ինչն է եղել քաղաքացիների բերման ենթարկելու պատճառը՝ ասելով, որ ընդմիջումից հետո (ժամը 14:0-ին) միայն կարող են տեղեկատվության տրամադրել:
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ այս պահին բերման են ենթարկվել Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյանը: Նրանց տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին:
Երեկ «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն բաց նամակ էր հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, որտեղ մտահոգություն է հայտնում Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անունով կոչելու վերաբերյալ:
Նշենք, որ պուրակի բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր, ներկա էին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը: