«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
«Ինչպես է Արշավիր Խալափյանի դիմակը պատռվում: Նվեր բոլոր նրանց, ում այս սողունը վատություն է արել» նկարագրությամբ «Youtube» տեսահոսթինգում «Հայաստան Պատրիոտ» օգտատիրոջ կողմից տեղարդվել է մի ձայնագրություն, որտեղ երկու անձի խոսակցություն է: Ձայնագրության վրա դրված են Փաստաբանների պալատի անդամ Արշավիր Խալափյանի և կապանցի Աշոտ Կույումջյանի նկարները` որպես երկխոսության հեղինակների: Բացի այս նշենք, որ ձայնագրությունը վերջում դառնում է տեսագրություն:
Երկու անձանց միջև խոսակցությունը հողակտորի վրա կառուցապատման մասին է, որի վերաբերյալ վարչական վարույթը կասեցնելու համար փաստաբանը 400 հազար դրամ է պահանջում:
Աշոտ Կույումջյանը փորձում է հասկանալ, թե ինչու պետք է վճարի, և Խալափյանը նրան պատասխանում է այսպես. «Վարչական վարույթը հարուցված ա հարցումների հիման վրա, եթե հարցումները չլինեն, վարչական վարույթ չի լինի և դրանից բխող շարունակությունը չի լինի: Եթե մենք ընդհանուր հայտարարի ենք գալիս, ես լրացուցիչ դիմում եմ գրում ու ասում եմ` իմ հարցումներին ընթացք մի տվեք: Այսինքն` շահագրգիռ կողմը ես եմ, մեկ էլ մյուսները, որոնք չեն երևում: Նրանք ընդհանրապես չեն երևալու»:
Խալափյանի այս հայտարարությունից հետո Աշոտ Կույումջյանը երաշխիքներ է պահանջում. «Ես պրյամոյ մարդ եմ, գարանտյա եմ ուզըմ, գարանտյա տաս, որ ասենք համ ինձ 400 հազար ակտ չեն գրելու, հետո ես որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու: Հո ես քեզ ստորագրությամբ փող չեմ տալու»:
Հայաստանի Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից Panorama.am-ին խոստացան ավելի ուշ տարածված ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն տալ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները