Բառակազմով տարբերվում են, բայց բովանդակությամբ նույնն են
Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարության ծրագրի դատաիրավական ոլորտին վերաբերվող մասը գրեթե ամբողջությամբ Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի կրկնությունն է: Իհարկե, նոր ծրագրի համապատասխան բաժններն իրենց վերնագրերով և բառակազմով հնից տարբերվում են, բայց քաղաքական մոտեցումերի, խնդիրների ընկալման և խոստացվող լուծումների մասով նույնն են:
Նոր ծրագրի դատաիրավական բաժինը վերնագրված է. «Մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության արդյունավետ համակարգը», իսկ հնում այն կոչվում էր «Ազատ և արդար Հայաստան»: Նոր կառավարությունը, ինչպես նախորդն, իր ծրագրի դատաիրավական ոլորտի բաժինը սկսում է հետեւյալ նախադասությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն ուղղված է լինելու մարդու սահմանադրական իրավունքների և ազատությունների առավել արդյունավետ պաշտպանությանը»: Շատ հաճելի, ականջ շոյող խոստում է, մնում է այն իրագործվի…
Դատաիրավական ոլորտում նոր կառավարության ծրագրի միակ նորությունը վերաբերվում է ճանապարհային երթեւեկությանը: Այսպես, Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունը խոստանում է. «Իրականացնել ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման միջոցառումներ, ճանապարհային երթևեկության ոլորտում պատասխանատվություն նախատեսող իրավախախտումների համար ապահովել սահմանված վարչական տուգանքների համաչափությունը՝ զանցանքի վտանգավորությանը: Վերանայել այս բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը»:
Այլ կերպ ասած, նոր կառավարությունը խոստանում է վերանայել երթևեկության կանոների խախտման համար սահմանված տուգանքների չափերը, մնում է հուսալ, որ վերանայման արդյունքում, առանց այդ էլ մեծ գումարային տույժերն ավելի չեն բարձրանա, այլ կնվազեն: Իսկ թե ինչ է ենթադրում երթևեկության կանոների պահպանման բնագավառում պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափը վերանայելու խոստումը, հույս ունենք, որ ծրագիրը ԱԺ-ում քննարկելիս կպարզաբանվի:
Վահագն Հովակիմյան
Նախորդող հրապարակումներ`
Կառավարության ծրագիրը իրատեսական է, խստապահանջ և ականջալուր. Վարչապետ
Իրանի հետ հարաբերությունները խորացնելու հարցում լուրջ եմ տրամադրված. Վարչապետ (տեսանյութ)
Վարչապետ. Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունները չվավերացվելու դեպքում նախագահը որոշում կկայացնի
Էդ օֆշորը կա՞ր, թե՞ չկար. Աբրահամյանը` նախկին վարչապետի անվան հետ կապվող օֆշորային սկանդալի մասին (տեսանյութ)
Վարչապետի ելույթն Ազգային ժողովում