«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ սպանության փորձի մեղադրանք է առաջադրվել
Վերնիսաժի տարածքում մայիսի 17-ին կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, և նախաքննական մարմինը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան: Panorama.am-ի այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մասնավորապես, ըստ աղբյուրի, Գոռ Առաքելյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում):
Գոռ Առաքելյանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») դստեր ամուսինն է: Նա Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած վեճի արդյունքում հինգ անգամ կրակոց էր արձակել, ինչի հետևանքով հինգ անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այժմ նրանց վիճակը կայուն է: Մայիսի 18-ի երեկոյան Գոռ Առաքելյանը ձերբակալվել էր:
Հարակից հրապարակում`
«Յուվեցի Կարոյի» փեսայի նկատմամբ դեռևս մեղադրանք չի առաջադրվել. Փաստաբան