Կառավարությունը, ՀՀ նախագահը, ՏԻՄ-երը ոչ մի անգամ օրենքի սահմանադրականության հարցով չեն դիմել ՍԴ
Ի տարբերություն 1995 թվականին ընդունված Սահմանադրության, 2005-ի Սահմանադրությունը էական փոփոխություններ է բերել Սահմանադրական դատարանի գործառույթների իրացման հարցում: Այդ մասին այսօր Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Սահմանադրական դատարանին կից ստեղծված Սահմանադրական խորհուրդը 1995-ից հետո, ըստ Հարությունյանի, կենսունակ չէր, ինչի արդյունքում հետագա տասը տարիների ընթացքում ընդամենը 8 գործերով էր օրենքի սահմանադրականության հարց քննության առել:
Իսկ ահա 2005-ի բարեփոխումներից հետո ՍԴ նախագահի ներկայացմամբ, ճիշտ է գործառույթային էական բարեփոխումներ տեղի չունեցան, բայց այդ գործառույթների իրացման առումով էական փոփոխություններ այնուամենայնիվ, կատարվեցին:
Մասնավորապես, առաջին էական փոփոխությունը, որ մատնանշեց Հարությունյանը, այն էր, որ խորհրդարանի ոչ թե մեկ երրորդը, այլ մեկ հինգերորդը իրավասություն ստացավ դիմել Սահմանադրական դատարան, այսինքն` պատգամավորների դիմելիության շեմն իջեցվեց, ինչի արդյունքում խորհրդարանական ընդդիմությունը կարողացավ հեշտությամբ դիմել ՍԴ և քննության դնել օրենքի սահմանադրականության հարցը:
Բացի այդ, ՍԴ դիմելու իրավունք ստացան քաղաքացիները, Մարդու իրավունքների պաշտպանը, տեղական ինքնակառավարման մարմինները, (ՏԻՄ), դատարանները, դատախազը:
«Բայց որքանո՞վ էր դա բավարար: Իմ կարծիքով դա հարաբերական դրական էր, քանի որ ձևավորվեց մեկ այլ իրավիճակ. Կառավարությունը, ՀՀ նախագահը, Տեղական ինքնակառավարման մարմինները այս տարիների ընթացքում ոչ մի անգամ օրենքի սահմանադրականության հարցով չեն դիմել Սահմանադրական դատարան, դատարանները դիմել են մատի վրա հաշված դեպքերում, այն պարագայում, երբ Ավստրիայում ՍԴ դիմած գործերի 70 տոկոսը միայն դատարանների դիմումների հիման վրա են: Հիմնական դիմող սուբյեկտները քաղաքացիներն են, և փառք Աստծո, որ քաղաքացիները կարողանում են իրենց իրավունքից օգտվել», -հայտարարեց Գագիկ Հարությունյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում