Արտակ Բուդաղյանը նպատակ է ունեցել վախեցնել Սուրիկ Խաչատրյանին. Մեղադրական
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում գտնվող ՀՀ Զինված ուժերի գնդապետ Արտակ Բուդաղյանի գործով դատավարությունը կանցկացվի դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Նիստի մեկնարկի օրը դեռևս հայտնի չէ, փոխարենը հայտնի է ՊՆ քննչական ծառայության մեղադրաական եզրակացության բովանդակությունը:
Ըստ այդմ, Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013-ի հունիսի 1-ին ժամը 22-ի սահմաններում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը ժամը 23-ի սահմաններում ՎԱԶ 2106 մակնիշի իր ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ-Բեկ փողոցում գտնվող Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ գրանցված որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրեն Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին:
Հիշեցնենք` հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած դեպքերի գործով ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի և թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական գործը կարճվել էր անհրաժեշտ պաշտպանության հիմքով, իսկ քրեական հետապնդումը դադարեցվել: Բուդաղյանների պաշտպան, Փաստաբանների պալատի փաստաբան Հայկ Ալումյանը ՊՆ քննչական ծառայության քննիչի այս որոշումը վերացնելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատախազություն, սակայն այն մերժվել էր: Դրանից հետո միայն որոշվեց այն բողոքարկել դատարանում:
Արտակ Բուդաղյանը հրաժարվել է իր նկատմամբ տարածվող համաներում հայտարարելու մասին 2013-ին ԱԺ ընդունած որոշումը կիրառելուց և հայտարարել, որ պետք է գործը հասնի դատարան:
Հարակից հրապարակումներ`
Արտակ Բուդաղյանը պնդել ու պնդում է, որ եղել է կրակոց նաև Սուրիկ Խաչատրյանի դղյակից. Փաստաբանի բացահայտումը (տեսանյութ)
«Սուրիկ Խաչատրյանի որդու մեզի ու մազի մեջ թմրանյութեր են եղել».ՊՆ քննչական ծառայությունը հերքում է Ալումյանի հայտարարությունները
Ավետիք Բուդաղյանը եղել է հաշտարարի դերում և ագրեսիա չի ցուցաբերել, բայց իր վրա կրակել են. Փաստաբանի բացահայտումը