Հրաչյա Հարությունյանի դատաքննության ընթացքում խախտում չի արձանագրվել. իրավապաշտպան
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանում նախորդ տարի վթարի ենթարկված «ԿամԱԶ»-ի վարորդ հայազգի Հրաչյա Հարությունյայի գործով դատաքննություն է ընթանում, որի ընթացքում հարցաքննվում են գործով տուժած ճանաչված անձինք: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ Երանուհի Թումանյանցը:
Գործով տուժածները հարցաքննվում են գրավոր ընթացակարգով, որին սակայն Հարությունյանի փաստաբանները դեմ չեն: Նրանք, ըստ Թումանյանցի, դեմ են, որ նույն ընթացակարգով հարցաքննվեն նաև ոստիկանները, ովքեր հայտնել էին, թե իբր դեպքից անմիջապես հետո Հրաչյա Հարությունյանն իրենց կեղծ փաստաթուղթ է ներկայացրել:
«Եվ բացի այդ ամենից, պետք է անձամբ հարցաքննվի այն վարորդը, որը ընթացել է ավտոբուսի հետևից: Նրանք անձամբ պետք է հարցաքննվեն, այլ ոչ թե հիմնվեն գրավոր ցուցմունքների վրա», -նշեց Երանուհի Թումանյանցը:
Նա ասաց նաև, որ հետևում են դատաքննության ընթացքին և առայժմ որևէ խախտում չեն արձանագրել. Հրաչյա Հարությունյանն ինքն էլ դեմ չէ պարզել իրականությունը և ավելին, ընդունել է մեղքը:
Եվ Թումանյանցը, և ասուլիսին ներկա Հրաչյա Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը վստահեցրին, որ ամբաստանյալի առողջական վիճակը լավ է, ուղղակի խնդիրն այն է, որ նրա հետ խոսել չեն կարողանում:
Հիշեցնենք` 2013-ի հուլիսի 13-ին բեռնատարի հայազգի վարորդը չէր կարողացել կառավարել մեքենան և Նոր Մոսկվայում վթար էր տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել էին ավտոբուսի 18 ուղևորներ և շուրջ 40-ն էլ ստացել էին վնասվածքներ: Նրան մեղադրաքն էր առաջադրվել ՌԴ Քր. Օր.-ի երկու հոդվածներով, որոնցից մեկը վերաբերում էր կեղծ փաստաթղթեր ներկայացնելուն: Այս մեղադրանքը սակայն Հրաչյա Հարությունյանը չէր ընդունել: