Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Ապացուցված չէ, որ Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի ժամանակ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին մարմնական վնասվածքներ հասցրել է Ներսես Մելքոնյանը, ինչի մեղադրանքով նա այժմ առողջական ծանր վիճակում կալանավորվել է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ներսեսի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք` Մելքոնյանի նկատմամբ նախաքննական մարմինը մեղադրանքն առաջադրել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Փաստաբանն ասաց, որ ըստ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի, Ներսես Մելքոնյանը հարվածել է Գոռ Առաքելյանին` պատճառելով թեթև մարմնական վնասվածք:
«Դատախազը որոշել է, որ հենց Ներսես Մելքոնյանն է վնասվածք հասցրել Գոռ Առաքելյանին, սակայն դա ոչ մի տեղ չի ապացուցվել», -հայտարարեց պաշտպանը:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալին կալանավորելու միջնորդության քննության համար տեղի ունեցած նիստին, ապա ըստ Արմեն Խաչատրյանի, այդ նիստում «աղաղակող խախտումներ» են թույլ տրվել, մասնավորապես ներկա են եղել քրեական հետախուզության աշխատակիցներ, որոնք իրավունք չունեին գտնվել դատարանի դահլիճում:
«Կան մարմիններ, որոնք պարզապես ցանկանում են հաճոյանալ որոշ մարդկանց, դրա համար են խափանման միջոց ընտրել կալանքը: Այդ մարմինները որոշեցին բալանսը պահել, այսինքն եթե մի անձը կալանավորված է, պետք է ուրիշ կալանավորվածներ էլ լինեն»,- նշեց Խաչատրյանը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է: Ներսես Մելքոնյանը, այս գործով, փաստորեն երկրորդ կալանավորվածն է:
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց