Դատարանի մոտ կրակոցներ արձակած Կյուրեղյանն ունի մարմնական վնասվածքներ. Դիտորդներ
Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբն այսօր այցելել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահման վայր և հանդիպել նախօրեին դատարանի մոտ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանին:
Դիտորդական խմբից տեղեկացնում են, որ Կյուրեղյանի հետ առանձնազրույցի ընթացքում և համապատասխան գրանցամատյանը ուսումնասիրելիս արձանագրվել է, որ Հ. Կյուրեղյանն ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, որոնց վերաբերյալ Կյուրեղյանը հրաժարվեց որևէ հայտարարություն անել, նշելով, որ ավելի ուշ կանդրադառնա դրանց:
Ըստ աղբյուրի` դիտորդական խմբի անդամների այն հարցին, թե ձերբակալվելուց պաշտպան ներգրավվել է գործին, նա պատասխանել է. «Չգիտեմ թե ինչ ձևով պետք է պաշտպան ունենամ և ինչ ձևով պետք է օգտվեմ պաշտպան ունենալու իրավունքից»:
Դիտոդրական խումբը մանրամասն ներկայացրել է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պահանջները և ընթացակարգը: Միաժամանակ Հ. Կյուրեղյանը ցանկացել է Դիտորդական խմբի միջոցով հասարակությանը իրազեկել իր քայլի նպատակը. «Ես իմ բողոքը տվյալ ձևով ներկայացրել եմ նրա համար, որովհետև կարծում եմ, որ Շանթ Հարությունյանի գործն ընդհանրապես պետք է դատաքննության փուլին չհասներ և Շ. Հարությունյանը պետք է ազատ արձակվեր և միաժամանակ բողոքում եմ անարդար ու կոռուպացված դատական համակարգի դեմ:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ատրճանակով կրակելիս ամբողջությամբ գտնվել եմ գիտակից վիճակում և կրակ եմ արձակել միայն 4-5 տղամարդ ոստիկանների ուղղությամբ, և ես ոչ մի կին ոստիկանի ուղղությամբ կրակ չեմ արձակել, որը ոստիկանության բաժնում փորձում են փաթաթել իմ վզին: Ես արժանապատիվ անձնավորություն եմ և իմ կյանքում ընդհանրապես կնոջ վրա ձեռք չեմ բարձրացրել ու չեմ բարձրացնի, դա ներկայիս ոստիկանության աշխատելու և անձին նվաստացնելու մեխանիզմն է»:
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ Հայկ Կյուրեղյանի կողմից կրակոցներ արձակելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` «Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ»:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Հայկ Կ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Դատարանի դիմաց հնչած կրակոցների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել
Դատարանի մոտ կրակած երիտասարդը ձերբակալվել է