Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել և ընդամենը վկայի կարգավիճակ ունի: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հովհաննիսյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Լևոն Բաղդասարյանը:
Ներկայացնելով կատարվածից մի դրվագ, փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալը հրազենային երկու վնասվածք է ստացել` մեկը մեքենայի մեջ, մյուսն էլ մեքենայից դուրս գալիս: Ընդ որում մեքենան պատկանել է Վալերի Հովհաննիսյանի հորը` Սամվել Հովհաննիսյանին: Փաստաբանի ներկայացմամբ, այս մեքենան, որով Ներսես Մելքոնյանը տեղափոխվել է հիվանդանոց, մինչ այժմ չկա, հետևաբար փաստաբանը պահանջում է, որ տուժող ճանաչվի նաև Վալերիի հայրը` Սամվել Հովհաննիսյանը, քանի որ նրան հասցվել է գույքային վնաս:
Նա նաև տեղեկացրեց, որ Սամվել Հովհաննիսյանը դիմել է իրավապահ մարմիններին, որպեսզի վերջինները հայտնաբերեն անհետացած մեքենան:
Փաստաբանը վստահորեն պնդում է, որ Վալերի Հովհաննիսյանը ծեծի չի ենթարկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսային` Գոռ Առաքելյանին, այլ եղել է ուղղակի վիճաբանություն:
Պատասխանելով իր պաշտպանյալի` քրեական հեղինակություն լինելու մասին հարցին, Բաղդասարյանն ասաց, որ ինքն այդ մասին իմացել է մամուլից:
«Ասում են, որ քրեական հեղինակություն է, այդ մասին մամուլից եմ տեղեկացել, բայց դա ինձ չի էլ հետաքրքրում, ես նրան այդ մասին չեմ հարցրել»,- փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին մեքենայի ճանապարհը բացելու շուրջ Վալերի Հովհաննիսյանի և Ներսես Մելքոնյանի հետ առաջացած վիճաբանության արդյունքում ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, մի քանի անգամ կրակել է, ինչի հետևանքով 5 անձ տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Գոռ Առաքելյանին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1, 6, 10 կետերի հատկանիշներով` «խուլիգանական դրդումներով սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» (ըստ օրենսգրքի, պատժվում է ազատազրկմամբ` տասներկուսից քսան տարի ժամկետով) և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինի կերպով ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը» (3 ամիս կալանքից մինչև երեք տարվա ազատազրկում), և նա կալանավորված է: Գործով կալանավորվել է նաև Ներսես Մելքոնյանը, որին մեղադրանքն առաջադրել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Հարակից հրապարակումներ`
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը