Պարզվել է քաղաքապետի խորհրդականի որդու հետ միջադեպի մասնակից անձանց շրջանակը
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Պ. Սևակի և Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդու` Սամվել Քոթանջյանի հետ միասին կրակոցներով ուղեկցված վիճաբանությանը մասնակցել են նաև 26-ամյա Հովհաննես Կ.-ն, 25-ամյա Ռաֆայել Մ.-ն, 40-անյա Սեդրակ Փ.-ն և 21-ամյա Գոռ Հ.-ն: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:
Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ` Հովհաննես Կ.-ն, Սեդրակ Փ.-ն և Ռաֆայել Մ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունքներ: Սեդրակ Փ.-ն ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ Գոռ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 6-ին, գիշերը Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակոցներ են հնչել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանների օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել էին փորձաքննություններ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին ոստիկանության բաժին էր ներկայացել 24-ամյա Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակը` հայտարարելով, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ: Սամվել Ք.-ն ձերբակալվել էր, ատրճանակը` ուղարկվել փորձաքննության:
Հարակից հրապարակումներ`
Գիշերը կրակոցներ են հնչել Քանաքեռ-Զեյթունում
Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները