Դատարանում կարելի է գրել` հանուն Ռուսաստանի ֆեդերացիայի ու սկսել դատական պրոցեսը. Շանթը` դատավորին
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին և մյուս ամբաստանյալներին դատարանը դիմավորեց ծափահարություններով: Այս անգամ դատական նիստերի դահլիճը լի էր ամբաստանյալների հարազատներով, որոնք, սակայն որոշ դժվարություններ ունեին հեռակա շփվել միմյանց հետ. դահլիճում կարգադրիչների ու ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների կազմած «պատը» թույլ չէր տալիս:
2013 թվականի նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում կատարվածի գործով անցնող բոլոր 14 ամբաստանյալների կենսագրական տվյալներին ծանոթանալուց հետո, նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը կողմերից հետաքրքրվեց, թե արդյոք ցանկանում են ինքնաբացարկ հայտնել դատավորին:
Շանթ Հարությունյանը հիշեցրեց, որ 2008-ին «7-ի գործով» դատավարության ժամանակ դատավորը նույնպես Մնացական Մարտիրոսյանն էր ու հավելեց. «Եթե ես ինքնաբացարկ հայտնեմ, կնշանակի, որ հույս ունեմ, որ, եթե մեկ այլ դատավոր լինի, կարող է արդար վճիռ հրապարակել: Դրա համար առաջարկում եմ, որ դատավորը մնա նույնը»։
Այնուհետև դիմելով ամբաստանյալ ընկերներին, հայտարարեց, որ նրանք բոլորն էլ իրավունք ունեն իրենց դիրքորոշումը հայտնել:
«Եթե գտնում եք, որ կա մի բան ձեր պահվածքում, որը կօգնի մեկ օր շուտ գնալ ձեր տուն, պրոբլեմ չունեք, կարաք հելնեք, արխային խոսաք, մենակ խնդրում եմ, որ որևէ մեկիս արժանապատվության հաշվին չլինի էդ զիջումը: Մտածեք: Էսքան բան: Ես իհարկե, չեմ կասկածում Ձեր պահվածքին, բոլոր հարցերում ազատ եք», -դիմելով ընկերներին ասաց Հարությունյանը:
«Ցեղակրոն» կուսակցության նախագահը նաև հայտարարեց, որ իրեն և իր ընկերներին առաջադրված մեղադրանքը ռուսական գործակալների կողմից ճնշումների հետևանք է:
«Ռուսական գործակալական ցանցը փորձել է իմ դեմ օգտագործել նաև որդուս ու նախկին կնոջս, ինչից հետո պետք է սպանվեին նաև նրանք», -հայտարարեց Հարությունյանը` նկատելով, որ այն մարդիկ, ովքեր պայքար կմղեն հանուն Հայաստանի, նախ, կվարկաբեկվեն, ապա կոչնչացվեն ռուս-թուրքական համատեղ որոշմամբ:
Նա նշեց, որ Հայաստանում արդեն կայացած փաստ է «ստալինյան բռնաճնշումներին վերադառնալը»: Ընդգծեց, որ որևէ մեկին բացարկ չի հայտնելու, քանի որ «ճնշիչը պետական համակարգն է»:
«Դուք Ռուսաստանի կամակատար եք, պարոն դատավոր, դրա համար ստեղ կարելի է գրել` Հանուն Ռուսաստանի ֆեդերացիայի ու սկսել դատական պրոցեսը: Անձնական թշնամանք ոչ մեկիդ նկատմամբ չունեմ», -հայտարարեց Շանթ Հարությունյանը:
Փոխարենը, դատավորին բացարկ հայտնեց ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը` պատճառաբանելով, որ դատավոր Մարտիրոսյանը կատարում է Ռուսաստանից իջեցվող պահանջները: Սակայն մի քանի րոպե խորհրդակցական սենյակում անկացնելուց հետո դատավորը մերժեց ամբաստանյալի ինքնաբացարկի միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Փաստաբանները մեզ չեն կարա օգնեն, սա քաղաքական պրոցես ա. Շանթի դատը (տեսանյութ)
Շանթի և մյուսների պաշտպանները պահանջում են հրապարակային դարձնել դատավարությունը