Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատական նիստի ժամանակ հիշատակվել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանի անունը:
Շանթ Հարությունյանը, երբ նրան հայտարարություն անելու հնարավորություն ընձեռվեց, հիշեց նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դեպքից մի դրվագ և հարց ուղղեց դահլիճում նստած մեղադրող դատախազին և դատավորին. «Վալերի Օսիպյանը գալիս թևս մտնում ա, էթում ենք, խոսում ենք իրար հետ: Բա էդ քննիչները ինչո՞ւ չեն պարզել, թե Օսիպյանն ինձ ինչ ա ասել: Ենթադրենք ինքն ինձ ասել ա` Շանթ, հեսա քո գլխին պրովոկացիա ենք սարքելու, քեզ էլ սպանելու ենք, երեխուդ էլ հետը: Օրինակ դուք կանչել, հարցաքննե՞լ եք, թե Օսիպյանը ինչ էր Շանթի հետ յոթ ժամ առանձնացել, զրուցում»:
Նա ասաց, որ տարակուսած է, թե այդ ինչպես է ստացվում, որ ոստիկանները միակողմանի սադրելու իրավունք ունեն:
«Եթե ոստիկանը օրենքով սադրելու իրավունք ունի, թող ժողովրդին հայտարարեն, որ ոստիկանը կարա ընդդիմադիրի նկատմամբ սադրի, կռիվ սարքի ու բռնի տանի: Ես հայտարարում եմ, որ պրովոկացիաների մեջ են մեզ փորձել ներքաշել, որին ես ու իմ բոլոր ընկերները պատրաստ ենք եղել: Մի խոսքով, ակնհայտորեն քրեական մեթոդներ գործադրելով` ոստիկանությունը պրովոկացիաներ ա սարքել իմ արարքի համար: Բայց ես նորից եմ ասում` ճիշտ եմ արել, լավ եմ արել, դուրս գամ, էդ եմ անելու»,- հայտարարեց Շանթ Հարությունյանը` դատարանին հորդորելով պարզել, թե Օսիպյանն ինչ է խոսել իր հետ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը պարզաբանեց, որ Վալերի Օսիպյանը դատակոչի ցուցակում է, դատարանը անհրաժեշտ է համարել կանչել նրան և հարցաքննել:
Հարակից հրապարակումներ`
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին