Կոմանդոս. Ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց էին հետևում Լևոն Հայրապետյանին
Արցախցի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորումը թյուրիմացություն է, անմարդկային արարք: Ռուսաստանում գործարարի հետ կատարվածին այսպիսի բնորոշում են տալիս նրա ընկերներն ու մտերիմները:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը հայտարարեց, որ բացի թյուրիամացությունից, այլ կերպ չի կարելի անվանել նրա կալանավորումը:
«Ամեն կերպ ամրապնդել է հայ-ռուսական դաշինքը: Շատ լավ գիտենք նրա գործը, նա իր ամբողջ գործունեության ընթացքում ամեն կերպ աջակցել է Արցախի զարգացմանը: Հսկայական ներդրումներ է արել: Նա, նախևառաջ, մեծագույն բարերար էր Արցախում: Մենք բոլորս պետք է խնդրենք համապատասխան մարմիններին, որ հաշվի առնեն նրա գործունեությունը, առողջական վիճակը, փոխեն խափանման միջոցը, որ այդ մարդը կարողանա իրեն հետևել: Այնուհետև կպարզեն, ես համոզված եմ, որ դա թյուրիմացություն է»,- ասաց նա և հավելեց, որ քաղաքական ենթատեքստ գործարարի հետ կատարվածի մեջ չի տեսնում: Իսկ այն, որ այս ամենը Ադրբեջանին էր ձեռնտու, նրա խոսքով, ակնհայտ է:
Բարերար Վահագն Հովնանյանը հարց հնչեցրեց, թե «ինչպե՞ս կարելի է այդպիսի մարդուն տանել բանտ»:
«Այս բարի մարդը, պետք է ազատության մեջ լինի, թե հիվանդ, թե առողջ ժամանակ: Իրավունք չունի ոչ մի կառավարություն: Պետք է ռուսական դեսպանատան դիմաց բողոքենք, որ առանց վճիռի իրեն չբանտարկեն: Սա անմարդկային է »,- ասաց բարերարը:
Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր Թադևոսյանը նկատեց, որ անսպասելի իրադարձություն էր: Նա նշեց, որ ցանկացած իրադարձություն ունենում է հեղինակներ և կատարողներ: Ըստ նրա, այս դեպքում հեղինակաները կապ չունեն Ռուսաստանի ղեկավարության հետ:
«Դա բարձրաստիճան մարդկանց խմբի ձեռքի գործն է, որոնք Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայություններից են: Նրանք ինֆորմացիա ենք հավաքագրել ձերբակալման օրից, և իրականությունից հեռացող կեղծ տեղեկություն են տվել: Ադրբեջանի հատուկ ծառայությունները վաղուց էին հետևում Լևոն Հայրապետյանին: Նրանք բազմաթիվ խնդիրներ ունեն: Նրանք տեղեկություններ են տարածում, թե իբր Լևոն Հայրապետյանն իր սեփական բանակն է ստեղծում: Նկատի ունեն Արցախում Լևոն Հայրապետյանի հովանավորությամբ կառուցվող ռազմական ուսումնարանը»,- ասաց Կոմանդոսը:
Գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանն էլ նկատեց, որ Լևոն Հարապետյանն ազգային գործիչ է, և պետք է ազատ արձակվի:
Նշենք, որ ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի ստորագրահավաք է սկսված, արդեն մոտ 20 հազար մարդ է միացել դրան:
Նախորդող նորություն՝
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը