«Ժառանգության» հայտարարությունը` Վոլոդյա Ավետիսյանի դատավճռի մասին
Արցախյան պատերազմի մասնակից, գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին 6 տարվա ազատազրկման դատապարտելը «Ժառանգություն» կուսակցությունը գնահատում է որպես «վերևից» իջեցված քաղաքական պատվերի շրջանակում հայրենի դատարանի իրականացրած հերթական հաշվեհարդար, որն ուղղված է արդարացի բողոքի գործողության և ազատ կամարտահայտության ժողովրդավարական սկզբունքի կոպիտ ոտնահարմանը: Այդ մասին ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ:
«Հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում պարբերաբար շարունակվող նմանօրինակ բռնությունները չեկիստական գործելակերպին հարիր վերապրուկներ են, որոնց շուտափույթ հաղթահարումը օրվա հրամայականն է: Քաղաքական բանտարկյալներ Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի, Վարդան Պետրոսյանի և այլակարծիք մյուս քաղաքացիների հետապնդումները, որոնք թելադրված են մեր պետության անվան տակ գործող իշխանության կողմից, ոչ այլ ինչ են, քան թշնամական բռնարարք հայ ժողովրդի և նրա շահերի դեմ:
Անկախ նրանից, թե որ պետությունում են մեր հայրենակիցները հետապնդվել ու դատապարտվել այլախոհության համար կամ քաղաքական դրդապատճառներով, մենք պարտավոր ենք պաշտպանել ԱՄՆ-ում՝ Համբիկ Սասունյանի, Թուրքիայում՝ Հրանտ Դինքի, Սևան Նշանյանի, Սևակ Բալըքչիի, Վրաստանում՝ Վահագն Չախալյանի, ՌԴ-ում՝ Լևոն Հայրապետյանի իրավունքները՝ իբրև ազգային շահերից բխող կարևոր հանձնառություն:
«Ժառանգություն» կուսակցությունը համարում է, որ հայազգի քաղաքացիների հանդեպ վերոնշյալ հալածանքները Հայոց պետական իշխանության բացակայության վկայություն են, և կոչ է անում մեր ժողովրդի զավակներին՝ համախմբվելով ազգային դրոշի ներքո, լծվել ազատ ու իրավատեր պետականության ստեղծման նվիրական առաքելությանը», -նշված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները