Վրաստանի նախկին նախագահին մեղադրանք է առաջադրվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել` պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով: Pravo.ru-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարություն է տարածել Վրաստանի գլխավոր դատախազությունը:
Բացի Սաակաշվիլիից, մեղադրանքներ առաջադրվել են նաև նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին, պաշտպանության նախկին նախարար Դավիդ Կեզերաշվիլիին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային:
Ըստ դատախազության հաղորդագրության, 2007-ի նոյեմբերի 7-ին վրացական ընդդիմության խաղաղ հանրահավաքը ցրելու ժամանակ մեղադրյալները չարաշահել են պաշտոնաական լիազորությունները: Բացի այդ, նրանք կասկածվում են «Իմեդի» հեռուստաընկերության շենք ապօրինի ներխուժելու և հանգուցյալ գործարար Բադրի Պատարկացիշվիլիի գույքին ապօրինի տիրանալու մեջ:
Եթե նրանք ընդունեն իրենց ներկայացված մեղադրանքը, ապա վերջիններիս կսպառնա ազատազրկում 5-ից 8 տարի ժամկետով:
Վրաստանի գլխավոր դատախազությունում հայտարարել են, որ նախկին իշխանությունների առանձին ներկայացուցիչների գործողություններից Պատարկացիշվիլիի ընտանիքի սեփականության իրավունքն է ոտնահարվել, ինչպես նաև ոտնահարվել է քաղաքացիների` խաղաղ հավաքներ, ցույցներ անելու իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում