Փաստաբանների պալատի կոչը՝ փաստաբան Խալափյանի հետ կապված քրեական գործի առնչությամբ
Հայաստանի Փաստաբանների պալատի հայտարարություն է տարածել փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի առնչությամբ: Հայտարարության մեջ ասված է. «Hetq.am լրատվական կայքի հաղորդած տեղեկությունների համաձայն՝ 2014թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի քննչական բաժնում ձերբակալվել է փաստաբան Արշավիր Խալափյանը: Նա կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200 հոդվածի 3-րդ մասով (առեւտրային կաշառք ստանալը) նախատեսված արարք կատարելու մեջ:
«Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փաստաբանին ձերբակալելու կամ կալանավորելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն այդ մասին անհապաղ տեղեկացնում է փաստաբանների պալատի նախագահին:
Վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատի նախագահին անհապաղ չի տեղեկացրել փաստաբան Արշավիր Խալափյանին ձերբակալելու մասին՝ խախտելով վերոհիշյալ նորմի պահանջը։
Փաստաբանների պալատի խնդիրներից է նաև պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաև դատարանում։
ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում քրեական վարույթն իրականացնող մարմնին՝ փաստաբան Արշավիր Խալափյանի հետ կապված քրեական գործի վարույթն իրականացնել խստորեն պահպանելով ՀՀ քրեադատավարական սկզբունքները (մասնավորապես՝ օրինականության, հավասարությունը օրենքի առջև, անձի իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու, անձի անձեռնմխելիության, գործի արդարացի քննության և անմեղության կանխավարկածի)»։
Նախորդող հրապարակումներ՝
Փաստաբան Արշավիր Խալափյանը ձերբակալվել է
Սենսացիոն ձայնագրության հետքերով. Փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել
Մեր խոսակցության ձայնագրությունը մոնտաժված է. Փաստաբանը` սենսացիոն ձայնագրության մասին
«Որ քեզ էս փողը տամ, էգուց մի հատ նորից գնաս բողոքես, բա հետո ես ի՞նչ եմ անելու». Փաստաբանը կաշա՞ռք է պահանջում (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները