Ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացվել՝ Անիի նախկին ոստիկանապետի որդու նկատմամբ. փաստաբան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել՝ անփոփոխ թողելով Անիի նախկին ոստիկանապետի որդու` Հարություն Սարգսյանի նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նշենք, որ այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը, որով Հարություն Սարգսյանը մեղավոր էր ճանաչվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուին` Կարեն Եսայանին խանդի հողի վրա սպանելու մեջ և դատապարտվել 15 տարվա ազատազրկման` քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 188 հոդվածի 1-ին մասի (ապօրինի ձեռնարկատիրություն) հատկանիշներով:
«Դատարանը ակնհայտ ապօրինի դատական ակտ է կայացրել, ըստ որի՝ անմեղ անձը շարունակում է մնալ անազատության մեջ, իսկ հանցագործություն կատարած անձը՝ ազատության մեջ: Իհարկե, մեր դատական համակարգին չէինք էլ վստահում, հավատ չունեինք, որ օրինական դատական ակտ կկայացնեն, բայց որ այս աստիճանի ապօրինիություն կկատարվեր, չէինք սպասում»,- ասաց Լ. Սահակյանը:
Փաստաբանը նշեց, որ եթե դատական համակարգում մի փոքր առաջընթաց գրանցված լիներ, ինչպես հավատացնում են, այս գործով միանշանակ արդարացման դատական ակտ պետք է կայացվեր. «Բազմաթիվ ապացույցների պարագայում, որ Հարություն Սարգսյանը չէր կարող ընդհանրապես այդ հանցագործությունը կատարած լիներ, դատարանը մեղադրական դատավճիռ կայացրեց, նշանակում է, որ մենք ընդհանրապես դատարան չունենք»:
Նախորդող հրապարակումներ՝
Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Անիի նախկին ոստիկանապետի որդու բողոքի քննությունը
Շիրակի մարզի դատավորը գնացել է ՔԿՀ և ամբաստանյալին տեղեկացրել պատժաչափի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները