Հրաչյա Հարությունյանի գործով դատավճիռը բողոքարկվել է
ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի պաշտպանական կողմը բողոքարկել է դատավճիռը: Այս մասին Ռիա Նովոստիին հայտնել է Հ. Հարությունյանի փաստաբան Ռուբեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ Հ. Հարությունյանը, ով իր «Կամազ» մակնիշի մեքենայով նախորդ տարվա հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ, դատապարտել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: Դատավճիռը Մոսկվայի Տրոիցկյան դատարանը կայացերլ է օգոստոսի 4-ին: Դատավճռի համաձայն, Հարությունյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է ճանապարհային երթևեկության կանոնների ու տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման մեջ:
«Մենք դատավճիռը բողոքարկել ենք Հարությունյանին 327-րդ հոդվածով մեղավոր ճանաչելու մասով («գիտակցաբար կեղծ փաստաթղթի օգտագործում»): Այդ հանցագործությունը նա չի կատարել: Մենք այս մասով խնդրում ենք արդարացնող դատավճիռ»,- ասել է դատապարտյալի փաստաբան Ռուբեն Մկրտչյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի բռնությունների կանխարգելման վարչության պետ, իրավապաշտպան Երանուհի Թումանյանցը ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Փաստաբան Ռուբեն Մարկարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հայտնել է, որ Մոսկվայի Տրոիցկի դատարանի որոշմամբ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը:
Փաստաբան Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ դատավճիռը բողոքարկվելու է ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի`կեղծ փաստաթղթի օգտագործման մասով, քանի որ Հրաչյա Հարությունյանի մեղքը տվյալ հանցագործության կատարման մեջ ապացուցված չէ: Թեև տվյալ հոդվածը պատժի ծանրության վրա որևէ կերպ չի ազդում, այնուամենայնիվ, խնդիրը սկզբունքային է` անձը չպետք է մեղավոր ճանաչվի չկատարած արարքի համար:
Ինչ վերաբերում է նշանակված պատժի մասով դատավճռի բողոքարկմանը, ապա այն ամբողջությամբ կախված է Հրաչյա Հարությունյանի կամքից»:
Նախորդող հրապարակում՝
Հրաչյա Հարությունյանը դատապարտվել է 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանին ճանաչել է մեղավոր